Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարին հետաքրքրել է նոր էլեկտրագնացքի ուղևորահոսքի ծավալը (տեսանյութ)

Պաշտոնական
Untitled-6

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է Երևանի լոկոմոտիվային դեպո։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյի ուղեկցությամբ նախարարը շրջել է դեպոյի տարածքում, ծանոթացել դրա հնարավորություններին։ Այս դեպոն երկաթուղու կարևորագույն ձեռնարկություններից է, որի գործառույթը ՀԿԵ-ի կառուցվածքի արդիականացումն է, ճանապարհը սարքին շարժակազմով ապահովելն ու գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը: Այստեղ իրագործվում է Հայաստանի երկաթուղային ցանցում շահագործվող էլեկտրա և ջերմաքարշերի, էլեկտրագնացքների, բեռնատար և ուղևորատար վագոնների հիմնական և ընթացիկ վերանորոգումը, տեխնիկական զննումը և սպասարկումը: Երկաթուղու աշխատակիցները նախարարին են ներկայացրել այն գործիքներն ու ռեսուրսները, որոնցով կարողանում են երկաթգծի ողջ երկարությամբ կատարել որակի ստուգում և վերահսկողություն։ Եթե նախկինում մարդկային գործոնը մեծ էր, ապա այժմ գործընթացն ավտոմատացված է` լավագույն արդյունք ստանալու համար։ 2010 թվականից դեպոյում գործում է նաև երկաթուղու ուսուցման կենտրոնը: Այստեղ երկաթուղայիններն անցնում են վերապատրաստման դասընթացներ, սովորում ինչպես վարվել արտակարգ իրավիճակներում: Սերգեյ Վալկոն նախարարին ներկայացրել է ենթակառուցվածքների և շարժակազմի բարելավման և արդիականացման ուղղությամբ կատարված վերջին քայլերը։ Աշոտ Հակոբյանը ծանոթացել է նաև Երևան-Գյումրի-Երևան երթուղին սպասարկող նոր էլեկտրագնացքի պայմաններին, հետաքրքրվել ուղևորահոսքի ծավալով։ Նախարարը կարևորել է երկաթուղու նշանակությունը մեր երկրի տնտեսության հետագա զարգացման մեջ: Նա ընդգծել է, որ պետք է ներդնել առավելագույն ջանքերը, որպեսզի աստիճանական բարեփոխումների արդյունքում ապահովվի հայկական երկաթուղու հետագա զարգացումը: Դրա հիմքում պետք է ընկած լինի գործունեության թափանցիկության բարձրացումը, ուղևորների սպասարկման որակի և պայմանների էական բարելավումը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն