Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թիքյա արա» կամ ինչպես ասում են` ազգին ճանաչելու լավագույն միջոցը խոհանոցն է

Հասարակություն
20180708_172542

Մշակույթի մայրաքաղաք Գորիսի կենտրոնում թևածում էր խորովածի ախորժելի բուրմունքը: Բոխու ու շուշանի, բազուկի, դանդուռի ու սխտորի թթվի հարևանությամբ Գորիսի մեղրն ու թփով տոլման, ասես մրցման էին դուրս եկել եվրոպական ոճով զարդարված, զամբյուղիկների մեջ տեղավորված աղանդերների հետ: Թթից, հոնից ու սալորից պատրաստված հայտնի օղիների հպարտ շարքում չէին պակասում կոնյակն ու գինին, որոնց լրացնում էին մրգերի բուրգերը, չրերն ու իտալական կոնֆետները: Գեղեցիկ ձևավորված այս լի սեղանները սպասում էին իրենց քաղաք այցելած ԱՊՀ երկրներից եկած հյուրերին, որ պատվեն նրանց ավանդական կերակրատեսակներով: Ինչպես ասում են, ազգին ճանաչելու լավագույն տարբերակը խոհանոցի մշակույթն է: Գորիսի ավանդական ուտեստների կողքին իրենց արքայական տեղն էին գրավել ֆրանսիական բագետի վրա քսած կարմիր ու սև խավիարը: Հետո ինչ, որ ավանդական կերակրատեսակ չէ: Թող հյուրերն իմանան, որ հյուրասեր գորիսեցու համար «ամենահամեղ թիքյայով» հյուրին պատվելը՝դարերից եկող ավանդական մշակույթ է: 90-ամյա Գոհար մայրիկին հանդիպեցինք իր տան դարպասների մոտ:  Նա դուրս էր եկել պարզելու, թե ում շքեղ մեքենան է տեղակայվել իր տան դռանը: Հարցրեցինք Գորիսի ավանդական կերակուրներից ու պատրաստման ավանդական եղանակներից, նա էլ սիրով պատմեց խաշիլի, փոխինձի, հայտնի չալպտուրիկ լոբու, ավելուկի ու չորաթանից եփած ապուրի պատրաստման եղանակների ու խոհանոցի առանձնահատկությունների մասին , որն իրեն փոխանցել էր իր մայրիկը: Զրույցը սահուն անցավ նրա ծննդավայրին՝ իր սիրելի Գորիսին ու գորիսեցիներին, որոնք հպարտ են իրենց լեռների ու քերծերի պես: Հիշեց իր դպրոցի տնօրեն ամուսնուն ու նրա հետ անցկացրած երջանիկ տարիները: Աղջկան, որ ապրում է Երևանում, թոռներին, որոնցից մեկը Հոլանդիայում է, իսկ ինքը՝ Գոհար մայրիկը առանց իր հարազատ Գորիսի չի կարող: Ու, թեև, հարազատները դեմ են, բայց նա ամեն ամառ տուն է վերադառնում ու լսելով կյանքի ազնիվ ճանապարհն անցած ավանդապահ Գոհար մայրիկի ջերմ ձայնով, բարի խոսքով ու շիտակ ժպիտով պատմածը, հասկացանք, որ հենց այս ժպիտն ու խոսքն է որ պետք պահել, պահպանել, փայփայել ու փոխանցել, որպես միգուցե ամենակարևոր մշակութային ժառանգություն: Մարդ՝ ում հետ կարելի է զրուցել րոպեներ, իսկ բաժանվել ասես հարազատից: