Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«7 տոկոս ձայն ունեցող կուսակցությունը համազգային շարժմամբ փլուզեց առասպելը» (տեսանյութ)

Քաղաքականություն
aj

Ելք խմբակցությունն առաջարկում է մեկ տոկոսով նվազեցնել կուսակցությունների եւ դաշինքների անցողիկ շեմը ԱԺ: Այսպիսով, կուսակցությունների համար սահմանել 4, դաշինքների դեպքում 6 տոկոսանոց շեմ: Սա Ելք խմբակցության առաջարկներից մեկն էր, որը քննարկվեց աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը: «Եթե բարիերը բարձր է, նշանակում է փոշիացող ձայները շատ են, նշանակում է ինչ-որ մեկի ձայնը գնացել է ինչոր մեկի մանդատն է ավելացրել: Այս առումով իջեցնելը շատ կարեւոր խնդիր է լուծում, որ համամասնական խնդիրներից մեկն էլ դա է, որ չփոշիացվեն ձայները: Մենք անգամ ունեցել ենք վիճակ, երբ 20-25 տոկոս փոշիացում է եղել»,- նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:  Այս պարագայում մի խնդիր է առաջանում՝ ԱԺ անցած քաղաքական ուժը պիտի կարողանա խմբակցություն ձեւավորել, իսկ դրա համար գոնե պետք է լինի առնվազն 3 տոկոսանոց շեմ: «Գոնե այդ դեպքում պետք է լինի խմբակցության ղեկավար, քարտուղար ու մեկ հոգի էլ գոնե լինի ազատ անդամ»,- ասաց  Արմեն Ռուստամյանը:  Բացի ՀՀԿ-ից, մյուս խմբակցությունները կողմ էին այս առաջարկին: «Պետք լինի, զրո էլ կարելի է անել, քանի որ օրինակ եք բերում զարգացած երկրների քաղաքական մշակույթը, այն ինչ մենք նոր զարգացող երկիր էլ  չենք, ու կարճ ժամանակում ապացուցվեց, որ ձեր տեսությունը՝ 50-60 տոկոս ձայն ունեիք, 7 տոկոս ձայն ունեցող կուսակցությունը համազգային շարժմամբ փլուզեց այդ առասպելը: Նշանակում է՝ ամենեւին էլ քանակով չէ, այլ որակով ու գաղափարներով է: Դրա համար այս առաջարկը պետք է քննարկել», նկատեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:  ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի համար ընդունելի էր առաջարկը ձայների փոշիացման, ինչպես նաեւ՝ ԱԺ-ում քաղաքական ուժերի բազմազանություն ապահովելու համար, սակայն նա մեկ այլ դիտարկում ուներ. «Եկեք մեր փաստարկների մեջ կուսակցությունների կայանալ-չկայանալը անցողիկ շեմի բարձրացնել-իջեցնելով չպայմանավորենք. դրանք ընդհանրապես իրար հետ կապ չունեն: Ավելին, եթե ուզում եք չկայանան, իջեցրեք ինչքան ուզում եք. սարքեք ԱԺ մտնելը փաբ մտնելուն հավասար մի բան»: Ելք խմբակցության առաջարկները ներկայացնում էր պատգամավոր Լենա Նազարյանը: Նա հնչած դիտողություններից շատերն ի գիտություն ընդունեց՝ խոստանալով համալրել իրենց առաջարկները: Մյուս նիստը ռոտացիոն կարգով կվարի արդեն Ելք խմբակցության ներկայացուցիչը: Ի դեպ, հուլիսի 6-ին նիստին կմասնակցի նաեւ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: