Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԴ-ում Արմեն Սարգսյանը կտրել է տոնական տորթը (տեսանյութ)

Պաշտոնական
tort

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Սահմանադրական դատարանում մասնակցել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ պետական խորհրդանիշների օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
Հանրապետության նախագահը դիտել է Հայաստանի Սահմանադրություններին եւ պետական խորհրդանիշներին նվիրված ցուցահանդեսը, մասնակցել է հանդիսավոր ընդունելությանը եւ կտրել է տոնական տորթը:  Իր շնորհավորական ուղերձում նախագահ Սարգսյանն ասել է. «Այսօր Սահմանադրության օրն է: Միեւնույն ժամանակ, այսօր մենք նշում ենք նաեւ պետական խորհրդանիշների օրը, ինչը կրկնակի տոնական ու կարեւոր է դարձնում այսօրվա խորհուրդը: Պետական խորհրդանիշները բացարձակ արժեքներ են, որոնց նշանակության գիտակցումը եւ պատշաճ արժեւորումը կարեւոր նշանակություն ունեն երկրի այսօրվա եւ վաղվա օրվա համար: Սահմանադրությունը համարվում է երկրի օրինականության խորհրդանիշ: Սակայն յուրաքանչյուր պետության լավագույն խորհրդանիշը նրա օրինապաշտ եւ, միաժամանակ, օրենքով պաշտպանված քաղաքացին է: Սահմանադրությունն այն հիմնարար փաստաթուղթն է, որը որպես մեր անկախության եւ հետագա զարգացման երաշխիք, ամրագրում է իրավունքի գերակայության, օրինականության, արդարության եւ ժողովրդի իշխանության վրա հիմնված արժեհամակարգը մեր երկրում: Վերջին շրջանում պետականաշինության մեջ կատարվող քայլերը նույնպես հենվում են երկրի հիմնական օրենքի այդ տրամաբանության վրա: Սահմանադրության հերթական տարեդարձի օրը մենք կարող ենք հպարտությամբ արձանագրել ոչ միայն ինքնիշխան, զարգացող, ժողովրդավարության ուղին ընտրած Հայաստանի Հանրապետության աներկբա գոյության փաստը, այլեւ միջազգային ասպարեզում նրա աճող վարկանիշի առկայությունը: Այն շարունակաբար բարձրացնելը բոլորիս իրավունքն ու պարտականությունն է, եւ առհասարակ մեր բարոյական պարտքն է հայրենիքի հանդեպ: Սահմանադրական արժեքները կարող են ապրող իրողություն դառնալ այն դեպքում. երբ մեզանից յուրաքանչյուրն իր ներսում այդ արժեքների կրողը լինի: Սահմանադրությունը իրավունքի ու պարտականության օրինական սահմանն է: Այն, ըստ էության, զատում է թույլատրելին անթույլատրելիից, ուրվագծում այն իրավական դաշտը, որին ենթակա են նաեւ մեր բարոյական օրենքները: Պետք է մտածել ու գործել ի շահ երկրի, օգտվել Սահմանադրությամբ ընձեռված հնարավորություններից եւ պաշտպանել Սահմանադրությունը: Ու այդժամ, երկիրը կդառնա ավելի լավը, երկրի քաղաքացին` ավելի վստահ, երկրի իշխանությունը` ավելի պատասխանատու եւ ավելի վստահելի: Սահմանադրությունը եւ ժողովրդի կամքը փոխկապակցված են իրար: Այսօր ժողովուրդն է իր կյանքի, պետության զարգացման օրակարգի լիարժեք ձևավորողը: Այդ օրակարգը պետք է զերծ լինի զգացմունքի գերակայությունից եւ կյանքի կոչվի Սահմանադրության նկատմամբ հարգանքի հենքի վրա` որպես ազատ, ժողովրդավարական եւ ուժեղ Հայաստանի գրավական: Միասին պետք է շարունակենք կառուցել քաղաքականապես ու տնտեսապես ներդաշնակ, քաղաքացու եւ իշխանության փոխադարձ հարգանքի վրա զարգացող Հայաստանը: Իրավունքի, օրենքի ու արժանապատվության երաշխավորմամբ ապրելը պետք է լինի ոչ թե երազանք, այլ՝ իրականություն: Որովհետեւ Սահմանադրությամբ եւ օրենքներով ապրելը ոչ թե սոսկ անհրաժեշտություն եւ պարտականություն է, այլ` ազատ մարդկանց առավելությունը, ովքեր գիտեն իրենց եւ այլոց իրավունքների արժեքը: Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: Մաղթում եմ խաղաղություն, լավատեսություն եւ բարեկեցություն»: