Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանում իշխանների, իշխանիկների, ֆեոդալների ժամանակն անցել է». Վարչապետը Գորիսում է (տեսանյութ)

Քաղաքականություն
goris

«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»,-Սահմանադրության օրը  ԱՊՀ մշակութային քաղաք հռչակված Գորիսի հրապարակում Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց բոլորին, ավելացնելով, որ այդ զգացողությունը պետք է ունենա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի. «Հայաստանում իշխանների, իշխանիկների, ֆեոդալների ժամանակն անցել է: ՀՀ քաղաքացին է երկրի տերը, պատասխանատու է իր երկրի համար: Հայաստանի Հանրապետությունը ՀՀ քաղաքացու սեփականությունն է, և մենք այստեղ պետք է զգանք մեզ տերը՝ մեր երկրի»: Վարչապետը Գորիսում նույնպես փորձեց պատասխանել հավաքվածների հարցերին: Շինարար Սերժ Մկրտչյանը ներկայացրեց իր խնդիրը, որ նորակառույց դատարանի շենքի կառուցումից հրաժարվելու համար, իրենից գումարներ են պահանջել եւ ստիպել՝բնակարանը վաճառել գումարը տալու համար: Վարչապետն ասաց, որ սա հաղորդում է հանցագործության մասին եւ որեւէ կասկած չունենաք, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն. «Ես ուզում եմ ասել, որ ՀՀ-ում այլեւս անձեռնմխելի մարդիկ չկան եւ չեն լինելու, դա բացառվում է: Եւ ինձ ընդհանրապես չի հետաքրքրում , թե ով է կատարել հանցագործությունը: Ցանկացած հանցագործություն կատարած մարդ պետք է պատասխանատվության ենթարկվի: Ես այս դիրքորոշման մեջ ակնկալում եմ, որ ժողովուրդը ամուր կկանգնի կառավարության կողքին, ամուր կկանգնի իմ կողքին, որպեսզի մենք Հայաստանում բեսպրեդելի վերջը տանք եւ արմատախիլ անենք»: «Պարոն Վարչապետ, Լիսկային  վերաբերվո՞ւմ է  դա»,-ճշտող հարցին, Փաշինյանը պատասխանեց, որ դա վերաբերվում է բոլորին, եթե հանցանք են կատարել: «Քրեական դատավարության մեջ կա մի սկզբունք, գոյություն ունի անմեղության կանխավարկած եւ որեւէ մեկը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, էդ դատախազությունը եւ իրավապահ մարմինները պետք է ապացուցեն մարդու մեղավորությունը: Ես չեմ ասում, որ էս ինչը հանցագործ է կամ էս ինչը հանցագործ չի, որովհետեւ ես ոչ դատախազ եմ, ոչ քննիչ եմ, ոչ էլ դատավոր: Ես ասում եմ, որ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան, սկսած ինձնից, շարունակելով որեւէ ուրիշ մեկից: Սա է իմ ասածը»,-հավելեց Փաշինյանը: Գորիսի քաղաքացիներից մեկը բարձրաձայնեց  Հյուսիս-Հարավ ճանապարհի խնդրի մասին: «Հյուսիս-հարավ ճանապարհը, որը պետք  է անցներ Գորիսով, որոշում է կայացվել դադարեցնել շինարարությունը էդ հատվածում,  այսինքն՝ գորիսեցիներն այդ հատվածում չեն կարող որեւէ բան անել, մինչեւ նոր որոշում կայացվի: Այդ որոշումը խոչընդոտ է մեր բնակիչների համար»: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ հունիսի 10-ին խորհրդակցություն է հրավիրել, Հյուսիս-Հարավ ճանապարհի հետագա ընթացիկ վիճակը գնահատելու եւ հետագա աշխատանքները հասկանալու համար: «Այդ համատեքստում ձեր ասած խնդիրը նույնպես կդիտարկենք»,-ասաց Փաշինյանը: Հրապարակում հնչեցին ամենատարբեր հարցեր. անձնականից մինչեւ աշխատանքային: Գորիսի կենտրոնական գրադարանի աշխատակցուհին բարձրացրեց աշխատավարձերի եւ սոցփաթեթների հարցը. «Պարոն լեգենդար վարչապետ, ես ստանում եմ 55 հազար աշխատավարձ, դա համարվում է մանկավարժական աշխատավարձ: Դպրոցներում ուսուցիչներն օգտվում են սոցփաթեթներից եւ խնդրում եմ, որ մենք  նույնպես օգտվենք դրանից: Նախկին քաղաքապետը հայտնել է, որ բյուջեում փող չկա, խնդրում ենք ուշադրություն դարձնել այդ հարցին»: Փաշինյանը պատասխանեց, որ այդ հարցին ուշադրություն կդարձնեն: Հանդիպման ավարտին, վարչապետը դիմելով հավաքվածներին՝   հույս հայտնեց, որ բարձր տրամադրությունը, որ հաստատվեց այսօր, իրենց միշտ կուղեկցի. «ՀՀ ամենակարեւոր սուբյեկտը  ոչ վարչապետն է,  ոչ նախագահը,  ոչ որեւէ պաշտոնյա, ՀՀ կարեւորագույն սույբեկտը ՀՀ քաղաքացին է, սա վերաբերվում է ՀՀ բոլոր բնակավայրերին:   Եւ վարչապետը և մարզպետը և քաղաքապետը պետք է ծառայեն ժողովրդին»: Նիկոլ Փաշինյանը  շնորհակալություն հայտնեց մթնոլորտի համար եւ ասաց, որ սիրում է բոլորին, եւ այս Թավշյա հեղափոխության հաղթանակը պատկանում է բոլորին. «եւ ուրեմն՝ Կեցցե՛ ազատությունը, Կեցցե՛ Հայաստանը, Կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում»: Սյունիքի մարզի քաղաքապետերի եւ գյուղապետերի  հետ խորհրդակցությունից հետո,  Վարչապետը կայցելի  Մեղրի եւ Ագարակ  համայնքներ: