Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հուլիսի 4-ին ԱՄՆ դեսպանատունը Կասկադում ներկայացնում է զայդեկո երաժշտություն

Պաշտոնական
kaskad

Այս տարի ԱՄՆ դեսպանատունը Միացյալ Նահանգների անկախության օրը տոնում է զայդեկո երաժշտության բացօթյա անվճար համերգով. հուլիսի 4-ին ժամը 20:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում իր կենսուրախ ու ինքնատիպ երաժշտությամբ հանդես կգա Դուեյն Դոպսի և Զայդեկո Հելռեյզերս խումբը: Զայդեկո երաժշտությունը սկիզբ է առել Լուիզիանայում, որտեղ տեղի կրեոլ ֆրանսիացիների մշակույթն ու ավանդույթները միախառնվել են աֆրոամերիկացիների բլյուզի ու ջազի հետ: Այն աչքի է ընկնում իր արագ տեմպով և ակորդեոնի լայն կիրառմամբ: Բացի այդ, այս երաժշտությունը ճանաչելի է նաև չժանգոտվող պողպատյա ակոսավոր թիթեղից պատրաստվող հարվածային մի ինքնատիպ գործիքի՝ «լվացքի տախտակի»  կիրառմամբ, որը տեսքով հիշեցնում է հնում կիրառվող լվացքի մզման տախտակը: «Շատ ու շատ առումներով զայդեկոն ամերիկյան ոգու մարմնավորումն է արտահայտված երաժշտության միջոցով: Այն մեկտեղում է տարբեր ավանդույթներ, տարբեր հնչյուններ, տարբեր  ձայներ ու մեղեդիներ՝ ստեղծելով կենսուրախ ու աշխույժ մի բան, որը նոր է, ուշագրավ ու հուզիչ: Եվ դա հենց այն է, ինչ ամենալավն է ստացվում Ամերիկայում», - ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ով ծնունդով  Լուիզիանայից է: Գրեմմի մրցանակի առաջադրված Դուեյն Դոպսի և Զայդեկո Հելռեյզերս խումբը ղեկավարում է «ամերիկացի ամենակրքոտ ակորդեոնահար» Դուեյն Դոպսին, ում հայրը՝ Ռոքին Դոպսին զայդեկո երաժշտության առաջամարտիկներից էր: Խումբը արժանացել է բազմաթիվ պարգևների, իսկ 2018թ. առաջադրվել է Գրեմմի մրցանակի՝ ավանդական ամերիկյան երաժշտության լավագույն ալբոմի անվանակարգում: Խումբը հանդես է եկել 20 տարբեր երկրներում և հայտնի է իր աշխույժ ու ազդեցիկ կատարումներով: Նրանց համերգը Երևանում կազմակերպվում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի աջակցությամբ: Մինչ Գաֆէսճեան քանդակների պարտեզում բացօթյա համերգը երաժիշտները հուլիսի 4-ին ժամը 17:00 բաց հանրային քննարկում կանցկացնեն ՀԲԸՄ-ի գրասենյակում (հասցեն Մելիք Ադամյան 2/2)՝ ներկայացնելու իրենց  երաժշտությունն ու ինքնատիպ երաժշտական գործիքները և օգնելու, որ Հայաստանում ավելի լավ հասկանան զայդեկո երաժշտությունը:  Ինչպես նույն օրը երեկոյան նախատեսվող համերգը, այնպես էլ այս հանդիպումը բաց է բոլոր հետաքրքրվողների համար: ԱՄՆ դեսպանատուն