Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան գումարներ չունի նոր խաղերի համար

Սպորտ
sport-basketbol

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան լուրջ խնդիրների առաջ է հայտնվել այն բանից հետո, երբ մեր ազգային թիմը հանգամանքների բերումով մտել է Եվրոպայի 2021թ առաջնության որակավորման 2-րդ փուլ: «Երկու օր առաջ մտածում էինք, որ մենք ավարտել ենք մեր ելույթները Եվրո-2021-ում, սակայն մյուս խմբերում գրանցվեցին այնպիսի արդյունքներ, որ Հայաստանի հավաքականը 2-րդ տեղով անսպասելի մտավ հաջորդ փուլ: Այժմ մեզ սպասում է որակավորման 2-րդ փուլը, որտեղ պետք է հանդիպենք Ավստրիայի եւ Մեծ Բրիտանիայի ազգային թիմերի հետ: Սակայն պետության կողմից բասկետբոլի ֆեդերացիային հատկածված գումարներն արդեն սպառվել են: Հիմա չգիտենք, ինչպես ենք պատրաստվելու առաջիկա այդ խաղերին: Բացի այդ, Հայաստանի մինչեւ 20 եւ 18 տարեկանների հավաքականները պետք է մասնակցեն Եվրոպայի այդ տարիքային առաջնություններին, որը նույնպես մեծ ծախսերի հետ է կապված», - «Արմենպրեսում» կայացած մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը: Իսկ ահա ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը տեղեկացրեց, որ հավաքականը չի կարող  պաշտոնական խաղեր անցկացնել նախկին «Միկա» մարզադահլիճում, քանի որ այն չի բավարարում բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի պահանջներին: «Այնտեղ խաղալու համար պետք է փոխվեն զամբյուղներն ու լուսատախտակը:  Դրանց վերազինման համար հարկավոր է մոտ 70 հազար դոլար ծախս: Իսկ եթե մենք մտնենք Եվրո-2021-ի երրորդ փուլ, ապա էլ ավելի մեծ մարզադահլիճ պետք է ունենանք Երեւանում խաղեր կազմակերպելու համար: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում հնարավոր է ստեղծել բոլոր պայմանները այդ խաղերն անցկացնելու համար, բայց դրա համար արդեն հարկավոր է կատարել մոտ 2 մլն եվրո ներդրում, ինչը ֆեդերացիայի ուժերից վեր է», - ասաց նա: Արա Պողոսյանն հայտարարեց, որ առանց պետական օգնության եւ աջակցության հնարավոր չէ զարգացնել մարզաձեւը հանրապետությունում, ինչպես նաեւ լավ արդյունքներ ապահովել միջազգային մրցասպարեզում: «Եթե պետության վերաբերմունքը չփոխվի բասկետբոլի նկատմամբ, եթե ազգային հավաքականին որոշակի արտոնություններ չտրվեն, ապա ավելի լավ է չշարունակենք մեր ելույթները, քանի որ առանց դրա հնարավոր չէ լուծել մարզաձեւում առկա խնդիրները, որոնք շատ-շատ են եւ բավական բազմաբնույթ են», - եզրակացրեց ՀԲՖ փոխնախարարը: