Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շիրակ Թորոսյանը կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին (տեսանյութ)

Քաղաքականություն
shirak

  ԱԺ արտահերթ ընտրությունների դեպքում պատգամավոր, «Ջավախք հայրենակցական միության» նախագահ Շիրակ Թորոսյանն իրեն տեսնում է նոր խորհրդարանում: «Այն ոլորտները, որտեղ ես պատկառելի աշխատանք եմ կատարել, պետք է լինեն շարունակական: Այդ աշխատանքի արդյունավետությունը շատ բանով կապված է կարգավիճակից: Պատգամավորական այս կարգավիճակը բավականին կարեւոր է խոսքը ավելի ծանրակշիռ, աշխատանքի որակն ու բովանակությունը ավելի խորը դարձնելու տեսանկյունից»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Ջավախք հայրենակցական միության» նախագահ Շիրակ Թորոսյանը:               Թե ինչ ձեւաչափով կմասնակցի ընտրություններին՝ դաշինքով, թե առանձին, ցույց կտան նախընտրական իրողությունները: Այս պահին մի բան հստակ է՝ նա չի լինի ընդդիմադիր գործիչ. «Ընդդիմադիր չեմ լինի մի պարզ պատճառով, քանի որ ես, նախ խորը տարաձայնություններ, կոնֆլիկտ չունեմ նոր իշխանությունների հետ, դա ցույց տվեց նաեւ մայիսի 8-ի իմ քվեարկությունը: Եվ հետո, այն գործը, որ ես կատարում եմ, շատ ավելի արդյունավետ է, երբ դու իշխանության կազմում ես»:                 Շիրակ Թորոսյանը հույս ունի, որ այս տարվա ապրիլ-մայիսի հանրային ակտիվությունը նույն մակարդակի վրա կմնա նաեւ սպասվող ընտրությունների ժամանակ, եւ դա հատկապես կարեւոր կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար. «Հրապարակում ստացած քվեն պետք է քաղաքականապես իրացվի, եւ խորհրդարանը պետք է արտացոլի հանրային մտածողության պատկերացումը»:              Թեեւ նա ընտրություններին հանդես չի գա ՀՀԿ հետ, սակայն կարծում է, որ այս ուժը պետք է լինի ԱԺ-ում՝ որպես կառուցողական ընդդիմություն: Ինչ վերաբերում է նոր Կառավարության իրականացրած ստուգումներին ու բացահայտումներին արդեն նախկին իշխանությունների ներկայացուցիչների տներում կամ ձեռնարկություններում, Շիրակ Թորոսյանը դրական է գնահատում եւ համարում համակարգային փոփոխությունների արդյունք. «Ընդհանրապես ճիշտ է, որ քաղաքականության մեջ գտնվողը չի զբաղվում բիզնեսով եւ հակառակը: Երբ բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճում են, խնդիրներ են առաջանում: Հանրային դժգոհության մեծ մասը նաեւ դրա արդյունքն էր ու հետևաբար, հնարավոր էր սպասել նման զարգացումներ, որոնք քաղաքական դաշտն ավելի կզուլալեն»:             Շիրակ Թորոսյանը չի եղել ՀՀԿ անդամ, սակայն մինչեւ մայիսի 8-ը խմբակցության անդամ էր: Նա չի կիսում նախկին իշխանությունների շատ մոտեցումներ, այդ թվում՝ կարծում է, որ սպասվող արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով՝ առանց ռեյտինգային ցուցակի: