Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ն 2017թ. զեկույցում առաջին տեղում էր, այս տարի իջել է մեկ սանդղակով. ԱՄՆ Պետդեպի զեկույցը (տեսանյութ)

Քաղաքականություն
trafiking

Ամերիկայի ձայն ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ներկայացրել է մարդկանց թրաֆիքինգի զեկույցը․ 2018 թվականի զեկույցը պետքարտուղար Մայք Փոմփեոն ներկայացրել է նախագահ Դոնալդ Թրամփի դուստր եւ խորհրդական Իվանկա Թրամփի մասնակցությամբ: Զեկույցում գնահատված 187 երկրների շարքում ամենավատ ցուցանիշներն ունեն Չինսատանը, Ռուսաստանը, Հարավային Սուդանը, Սիրիան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Վենեսուելան: Նրանց է այս տարի միացել Միանմարը: Մայք Փոմփեոն նշել է, որ Մյանմարի զինված ուժերը եւ զինյալ այլ խմբեր Ռաքհայն նահանգում տեղահանել են հարյուր հազարավոր ռոհինջյա մահմեդականների: Նրանցից շատերին ուղարկել են պարտադիր աշխատանքների, երեխաների մի մասին վերածել զինվորների: Փոմփեոն, խոսելով Իրանի մասին, ասել է, թե այստեղ շատ ավելի հաճախ պատժվում են թրաֆիքինգից տուժած անձինք, քան մարդկանց անօրինական փոխադրումներով զբաղվողները: Զեկույցը ներկայացնելուց հետո անցկացված արարողության ժամանակ նաեւ պատվել են տասը հերոսների, որոնք իրենց գործունեությամբ պայքարել են ընդդեմ այս հանցագործության եւ երբեմն դրա համար զոհաբերել իրենց կյանքը: Զեկույցում Հայաստանին նվիրված հատվածում ասված է, որ այն լիովին չի իրականացնում թրաֆիքինգը վերացնելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշները, սակայն այդ ուղղությամբ ներդնում է նշանակալի ջանք: Անցկացվում են վերապատրաստման դասընթացներ, սակայն դրանք լուրջ չեն եւ նկատելիորեն զիջում են նախորդ տարվա ցուցանիշներին: Հայաստանում, ասված է զեկույցում, մեղադրանքների մեծ մասը կարճվում է փաստերի անբավարար լինելու պատճառաբանությամբ: Խնդիրներից մյուսն այն է, որ տուժածները, այդ թվում’ երեխաները դատարաններում են հայտնվում իրենց թրաֆիքինգի ենթարկածների հետ միաժամանակ: Երեխաներին ծանր աշխատանքի լծելու եւ նրանց նկատմամբ բռնությունների փաստեր են արձանանգրվել երեխաների խնամքի հաստատություններում: Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ 2018 թվականի զեկույցը, որն իրականում նախորդ տարվա, այսինքն մինչեւ թավշյա հեղափոխությունն անցկացված ժամանակաշրջանին է վերաբերում, Հայաստանը դասում է երկրորդ կարգի երկրների շարքին: Առաջին կարգի մեջ են դասված այն երկրները, որտեղ թրաֆիքինգը նվազագույն մակարդակի վրա է, դրա դեմ պայքարը` ամենաբարձր: Հայաստանը 2017 թվականի զեկույցում առաջին տեղում էր: Այս տարի իջել է մեկ սանդղակով: Երկրորդ դասի երկրները նրանք են, որտեղ կառավարությունները թրաֆիքինգը վերացնելու համար անհրաժեշտ պահանջները կատարում են ոչ լիարժեք կերպով, սակայն ներդնում են նշանակալի ջանք այդ ուղղությամբ: Երկրորդ տեղում հայտնված Հայաստանի հարեւան Վրաստանն առաջին կարգի մեջ է: Ադրբեջանում իրավիճակը նման է Հայաստանին: Այն նույնպես երկրորդ կարգի մեջ է: Երկրորդ կարգի մեջ է նաեւ Թուրքիան: Իրանն ու Ռուսաստանը դասվում են երրորդ կարգում: