Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ում գործել է ստվերային բյուջե, որը չի զիջել հիմնական բյուջեին. տնտեսագետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
Untitled-16

Եթե անգամ իրավապահների գործողությունների արդյունքում պետությանը վերադարձված միջոցները չբավարարեն՝ պետական պարտքը փակելու համար, ապա գոնե դրանք այսուհետ նպատակային կծախսվեն ու նոր պարտք վերցնելու կարիք այլեւս չի լինի. «Այն, ինչ տեղի է ունենում, տպավորիչ է եւ իրականում այն, ինչ սպասում ենք, կարծում եմ, ավելի տպավորիչ կլինի, քանի որ ՀՀ-ում գործել է ստվերային բյուջե, որը չի զիջել, ըստ էության հիմնական բյուջեին, եւ այս առումով ստուգումները հուշում են, որ հնարավոր է, որ նման գումարներ հավաքվեն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Պետական պարտքն այս պահին ավելին, քան 7 մլրդ դոլար է: Տնտեսագետի գնահատմամբ՝ դեռեւս վաղ է գնահատականներ տալ, թե ֆինանսական ինչ ծավալների մասին կարող է խոսք գնալ, որոնք բացահայտվել են կամ կբացահայտվեն ստուգումների արդյունքում. «Եթե նույնիսկ այդ գումարները հասնեն սպասարկման գումարներին՝ մոտ 150-200 մլն-ի, դա արդեն մեծ գործ կլինի. օգտակար կլինի նաեւ, որ Կառավարությունը հետագայում չմտածեր բյուջեի մուտքերը չավելացներ՝ հարկերի բարձրացման հաշվին, այլ ընդհակառակը՝ ավելի թեթեւացներ հարկային բեռը, գործարարներին, մեզ էլ օգներ, որպեսզի իրականում կարողանանք մեր առօրյա խնդիրներն ավելի հեշտությամբ լուծենք»: ԱՄՀ գնահատականներով՝ մեր տնտեսության ստվերային հատվածը 35-42 տոկոս է կամ ՀՆԱ-ի մոտ 4 մլրդ դոլարն է կազմում: Տարիներ շարունակ տնտեսության թալանի հիմնական մեղավորներից մեկին համարում էին Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին, որին ոստիկանությունը բերման ենթարկեց ընդամենը ապօրինի զենք պահելու կրելու համար, ապա ազատ արձակեց. «Անձերով ես ոչինչ չեմ պայմանավորում, մի բան կա, որ կարող եք եզրակացություն անել. ենթադրենք ուզում էին ցույց տալ, որ անձեռնմխելի անձինք այլեւս չկան... էլի նորմալ է, սակայն կրկին օրինականության շրջանակներում: Հիմա պարզվեց, որ այն, ինչի համար կասկածվում էր, չհաստատվեց, բաց թողեցին: Ես որեւէ վատ բան չեմ ուզում մտածել, հետին մտքեր չեմ ուզում տեսնել այդ ամեն ինչում: Ես ուզում եմ հավատալ ու հավատում եմ, որ կան սկզբունքներ, որոնք կպահվեն մինչեւ վերջ»,- ասաց Վահագն Խաչատրյանը: