Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաչագան Ղազարյան.կանխիկացման նպատակը եղել է գումարն իրական տիրոջը վերադարձնելը, (տեսանյութ)

Պաշտոնական
s4SdA9uDZk8

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկած օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում հունիսի 25-ին՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող  «Յունիբանկ» ՓԲԸ-մուտքի մոտից, ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, այն է` ապօրինի հարստանալը, ՀՀ ԱԱԾ-ը վարչական շենք բերման ենթարկեց ԱԱԾ կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին: Վերջինս, բերման ենթարկելուց հետո՝ անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել է «Յունիբանկ» ՓԲԸ-ից դուրս գալու պահին՝ ձեռքին առկա պայուսակի պարունակությունը, որում եղել է 120 հազար ԱՄՆ դոլարը, ինչպես նաև   436 միլիոն ՀՀ դրամ՝ Վաչագան Ղազարյանի անվամբ գրանցված ավանդային հաշվեհամարից: Ըստ Վաչագան Ղազարյանի՝ կանխիկացման նպատակը եղել է գումարն իրական տիրոջը վերադարձնելը, իսկ թե ով էր գումարի իրական սեփականատերը՝ Ղազարյանը չի ցանկացել հայտնել: Վաչագան Ղազարյանն անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել է առօրյա ծախսերի համար գրպանում առկա 500 հարյուր ԱՄՆ դոլարն ու 213 հազար դրամը, իսկ նրան բանկ ուղեկցած «Լեքսուս» մակնիշի մեքենայից հայտնաբերվել է 50 հազար ԱՄՆ դոլար: Ազգային անվտանգության ծառայությունը տիրապետում է օպերատիվ տեղեկատվության, ըստ որի, Ղազարյանին բերման չենթարկելու դեպքում, վերջինս պատրաստվում էր կանխիկացնել «Արդշինբանկ» ՓԲԸ-ում իր հաշվին առկա 860 միլիոն դրամն ու կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի անձնական հաշվեհամարին առկա 690 միլիոն դրամը: Ընդհանուր հաշվով 1,5 միլիարդ դրամ: Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Ղազարյանը, վերոնշյալ գումարը կանխիկ ստանալու համար «Արդշինբանկ» ՓԲԸ-ին մատուցած ծառայությունների դիմաց պատրաստվել է վճարել 17 միլիոն ՀՀ դրամ: Վաչագան Ղազարյանը խուզարկության ընթացքում հայտնել է, թե «Յունիբանկ» և «Արդշինբանկ» ՓԲԸ-ների իր հաշիվներում առկա գումարը մոռացել է ներկայացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տրամադրած հայտարարագրում:    Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն