«Տեխնոլոգիա առարկան սպանում է ստեղծագործելու ցանկությունը». ուսուցիչներ

Հայաստանի բոլոր մարզերից ժամանած ավելի քան 130 ուսուցիչներ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ քննարկում էին տեխնոլոգիա առարկայի 2-րդ և 3-րդ դասարաններում  դասավանդման նպատակահարմարությունը:

Ուսուցիչների մի մասի խոսքով, առարկայի որոշ դասեր աշակերտների մոտ բիզնես մտածողություն են զարգացնում, ինչը 7-8 տարեկան երեխաների դեպքում ճիշտ չէ.

«Ինչո՞ւ երեխան ամեն ինչի մեջ շահույթ տեսնի, ինչո՞ւ ինքը չստեղծագործի և մտածի՝ այ ինչ պատրաստեմ, որ վաճառքի հանեմ, ես գտնում եմ, որ 2-րդ դասարանում  շուտ է»:

Մանկավարժների մյուս մասն էլ հակառակ կարծիք ունի՝ կապիտալիստական ժամանակաշրջանում բիզնես մտածողություն է պետք.

«Այս առարկայի շրջանակում աշակերտներին վերաբերում եմ ոչ թե որպես երեխաների, այլ որպես ձեռներեցների, այդ մոտեցումը ճիշտ է»,- նշում է ուսուցիչներից մեկը: