Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչի՞ ենք ընկել բանակի հետեւից» (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Captvvvure

«Արաբո» ջոկատի հրամանատր Մանվել Եղիազարյանի համոզմամբ՝ ԵԿՄ արդեն նախկին նախագահ, գեներալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը դատապարտելի երեւույթ է, սակայն ավելի ծանր դեպքեր կան, որոնք հենց պետք է թիրախավորված դատապարտել. «Օրինակ՝ ոչնչացնում ենք ազատամարտիկների կերպարը՝ նրանց սոցիալական ծանր վիճակի մեջ ենք դնում: Սա այն դեպքում, երբ սահմանին հակառակորդի կողմից մեծ կուտակումներ կան: Ինչպես կարելի է կամավորներին վարկաբեկել, ոչնչացնել. հասկացանք, որ ԵԿՄ նախագահը իրեն լավ չի պահել, սակայն դա չի նշանակում, որ այդպիսով պետք է վարկաբեկենք բանակը եւ զինվորին: Այդ ամբողջ կոռուպցիոն բացահայտումները պետք է անաղմուկ անել: Ես չեմ հասկանում՝ ինչի՞ ենք ընկել բանակի հետեւից, երբ միլիոնների հասնող գողոնը նաեւ այլ տեղում է»: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր Մանվել Եղիազարյանը նաեւ ասաց, որ ինքն անձամբ Մանվել Գրիգորյանի տուժածներից մեկն է. «Նա անընդհատ ցեխ է շպրտել ու մեր անցած պատմությունը աղավաղել, սակայն մի մոռացեք, որ թշնամին քթներիս տակն է, եւ հիմնական սլաքները այն սարսափելի գողերին պետք է ուղղել, որոնք իսկապես թալանել են: Այն, ինչ տեսանք Մանվել Գրիգորյանի տանը, դա ընդամենը մի փոքրիկ մասն է մեր դժբախտության: Ոնց էր առաջ գործընթացը լինում. անգրագետի մեկին բերում, դնում են ԵԿՄ ղեկավար, որ վարկաբեկեն մեզ՝ ազատամարտիկներիս, քանի որ ալան-թալանի հարց կար: Հիմա պետք է ջրի երես բերենք, թե ո՞վ է մեկ միլիոն մարդու գաղթական սարքել, ճակատագրեր խեղել: նորից եմ ուզում կրկնել՝ եթե կամավորներ չլինեն մեր երկրում ու սահման գնացող, չզարմանաք, երբ թշնամին գա սահմանի մոտ: Այնպես որ մի վարկաբեկեք մեզ: Եթե կամավորը բանակի կողքին չի կանգնում, ապա նման բանակը դատապարտված է: Ո՞վ բարոյական իրավունք ունի այդ մարդկանց վարկաբեկելու. եթե կա 4-5 տոկոս ավազակ, նրանք պետք է պատասխան տան, սակայն թաքնվողներն ավելի մեծ թալան են արել. ով պատերազմ չի գնացել ու մեծ-մեծ խոսում են, հենց նրանք են»: Ըստ նրա՝ մեր ամենամեծ թշնամին բանսարկությունն է. «Դրանից ավելի սարսափելի բան գոյություն չունի. Աստված, Սատանային վռնդելով, ոչ թե ասաց՝ դու անառակ ես, այլ ասաց՝ դու բանսարկու ես: Եթե մի բան պատվազրկված է, ապա պետք է փոփոխվի: Նույն ԵԿՄ-ի դեպքում՝ նաեւ անունը պետք է փոխել ու առաքինի, նորմալ մարդկանց հավաքել ու այդ խորհրդով՝ ասպետական խորհրդով, ղեկավարել երկիրը: Թալանչիների անունները պատրաստ եմ տալ, սակայն ոչ հիմա. ես ոչ մեկից չեմ վախենում»:  Ինչ վերաբերում է սահմանին տիրող իրավիճակին, ապա պարոն Եղիազարյանի տվյալներով՝ այնտեղ բավականին լարված է. «Թշնամին բավականին զորքեր է տեղաշարժել, սարսափելի մեծ կուտակումներ կան. տեղեր կան, որ մեր դիրքերից 200-300 մետր հեռավորության ճանապարհների վրա ամրացել են ադրբեջանցիները: Նախիջեւանի, Խաչիկ գյուղի կողմից մոտեցել են: Սակայն դա չի նշանակում, որ պետք է վախենանք, ուղղակի պետք է զգայուն լինենք»: