Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կառավարությանը պետք է ժամանակ տալ». Վաչե Գաբրիելյան (տեսանյութ)

Քաղաքականություն
vache

Բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքի նոր նախագծով  բուհերի  կառավարման խորհուրդները պետք է լինեն ապակուսակցական։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը ողջունում է այդ փաստը։ «Կուսակցականացված երբեք չպետք է լինեն բուհերը, կրթության համակարգը։ Քաղաքականացված լինում են, քանի որ քաղաքական ծրագրեր են կատարում, բայց կուսակցականացված լինելը անընդունելի է»,- նշում է նա։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր քննարկվում էր  2018-23 թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը։ Այսօր արդեն խնդիր է  բուհերի համար այս տարվա դիմորդների թիվը։ 12 -ամյա կրթական համակարգի անցման արդյունքում կտրուկ նվազել է  շրջանավարտների  թիվը։ ՀՊՏՀ դիմորդների թիվը կրկնակի է նվազել` 462 դիմորդ` նախորդ տարվա 966-ի փոխարեն: Ռեկտորը վստահեցնում է, որ  նախօրոք է մտածել և ֆինանսական պահուստներ են  ձևավորել։ Քննարկմանը մասնակցում էր նաև  համալսարանի կառավարման խորհրդի նախագահ  Վաչե Գաբրիելյանը։ «Գիտական խորհուրդը տվել է ցուցումներ, որ ռեկտորատը մշակի ռազմավարական ծրագիրը։ Այդ ծրագրում հաշվի ենք առնել, թե ինչպես կարող ենք բարձրացնել որակական ստանդարտները,  ինչպես անցնել գնահատման ավելի արժանահավատ համակարգի, ինչպես դասախոսական կադրերը թարմացնենք և այլն»,- ասաց նա։ Նախկին փոխվարչապետը դրական գնահատեց նաև ներկայիս կառավարության աշխատանքը։ «Նախաձեռնություններն ու ոգևորությունը ինձ դուր է գալիս, եռանդը կա, իսկ կառավարությանը պետք է ժամանակ տալ։ Երկու ամիսը շատ քիչ ժամանակահատված է, որ կարողանանք դատողություններ անել կառավարության մասին»,- ասում է նա։ Վաչե Գաբրիելյանին  առաջարկվել է մնալ կառավարությունում, սակայն նա նպատակահարմար չի համարել այս պահին։   Նա ողջունում է, որ  ներկայիս կառավարությունը նախորդի մի շարք ծրագրեր շարունակում է իրագործել։