Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԷՑ-ը հավատարմագրային կառավարման չի հանձնվի «Տաշիր-Կապիտալ»-ին

Քաղաքականություն
TM_7554

Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել իր կողմից 2017 թվականի օգոստոսի 24-ին ընդունված «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին»  և ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման ծրագիրը հաստատելու մասին» որոշումները: Պայմանագրի խմբագրված տարբերակը Հիմնադրի և Հավատարմագրային կառավարչի  միջև չի ստորագրվել և այն ուժի մեջ չի մտել, քանի որ Հիմնադիրն այլևս մտադիր չէ շարունակել աշխատանքները` ԲԷՑ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքները Հավատարմագրային կառավարչին կառավարման հանձնելու գործընթացը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սկսելու և իրականացնելու ուղղությամբ: Կառավարությունը ևս մեկ որոշման մեջ կատարել է փոփոխություն, որի ընդունումը պայմանավորված է ՀՀ համայնքներից սուբվենցիայի տրամադրման նպատակով ներկայացվող ծրագրային հայտերի ծավալով  և գործընթացի արդյունավետ կազմակերպման պահանջով:  Կառավարության համապատասխան որոշման դրույթների համաձայն՝  2018 թվականի ընթացքում ՀՀ  2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ ստանալու նպատակով ՀՀ համայնքների կողմից մշակվում և ներկայացվում են  ծրագրային հայտեր, որոնք քննարկվում են սուբվենցիաների հայտերի գնահատման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովում: Այդ գործընթացի վեջնաժամկետ է սահմանված  ս.թ. մայիսի 30-ը:  Սակայն, հաշվի առնելով, որ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում համայնքներում նախատեսվող տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ծրագրային հայտերի մշակման գործընթացը, այդ թվում ծրագրերի նախագծանախահաշվարկային աշխատանքների ընթացքը դանդաղել է, և համայնքներում առկա են առաջնահերթ կարգով լուծման ենթակա համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրային փաթեթները, անհրաժեշտություն է առաջանում սուբվենցիայի ծրագրային հայտերի ընդունման ժամկետը երկարաձգել մինչև հունիսի 30-ը:   Կառավարությունը երեք տարի ժամկետով հետաձգել է «ՎԱԲԱ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի հունիսի 19-ից մինչև 2019 թվականի հունիսի 19-ը ներառյալ ներմուծվող ապրանքների՝ մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը: Ներդրումային ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում «ՎԱԲԱ» ընկերությունը նախատեսում է կազմակերպել գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման ողջ համակարգի արտադրություն։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը կատարելու է 2,25 մլրդ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 102,9 մլն դրամ։ Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի 24 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2018-2020 թվականները 320 հազ. դրամ: Վարչապետ Փաշինյանը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքրվել է՝ արդյոք այսպիսի որոշումներ կայացնելիս սուբյեկտիվիզմի մասին կարող է խոսք լինել և արդյոք այս որոշմամբ կառավարությունը նպաստում է, որ հակակարկտային ցանցերի գներն ավելի մատչելի լինեն գյուղացիական տնտեսությունների համար: Արծվիկ Մինասյանը մանրամասներ է ներկայացրել ընկերություններին արտոնություններ տրամադրելու գործընթացի հետ կապված և նշել՝ ակնկալվում է, որ տեղի կունենա գների նվազում: Նախարարը հույս է հայտնել նաև, որ առաջիկայում նոր կազմակերպություններ մուտք կգործեն այս շուկա, քանի որ ոլորտը, ըստ նրա, չափազանց կարևոր է: Իր հերթին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկացրել է, որ դատախազությունը պետական շահերի պաշտպանության հետ կապված վերահսկողություն է սկսել այս ուղղությամբ: «Նախնական արդյունքներով՝ ունեցել ենք ոչ քիչ թվով այսպիսի արտոնություններից օգտված ընկերություններ, որոնք սահմանված ժամկետը լրանալու պահին կամ դրանից որոշ ժամանակ առաջ սնանկ են ճանաչվել: Ի հայտ է եկել չարաշահումների խնդիր և այս ուղղությամբ ուսումնասիրությունները շարունակվում են: Ներկա դրությամբ մոտ 8 ընկերության մասին այդպիսի տեղեկություններ կան»,- ասել է գլխավոր դատախազը: Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել.  «Սյս առումով, կարծում եմ՝ մոնիթորինգային, վերահսկողական ծառայությունները, իհարկե նաև գլխավոր դատախազությունը պետք է այս հարցերը պահեն ուշադրության կենտրոնում»:  Կառավարությունը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական մաքսային մարմինների միջև՝«Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների` մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության` մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 5.7-րդ հոդվածին համապատասխան տեղեկատվության փոխանակման իրականացման մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Վերոնշյալ արձանագրությունը սահմանում է կողմերի միջև տեղեկությունների էլեկտրոնային փոխանակման կարգը՝ մաքսային գործառնությունների իրականացումը դյուրացնելու, ապրանքների բացթողումն արագացնելու և մաքսային օրենքների ու կարգավորումների խախտումները կանխելու նպատակով։