Գյուղում բնակիչները Պաշտպանին են ներկայացրել իրենց խնդիրները

Այց Գեղարքունիքի մարզ Ճամբարակում և Վահան գյուղում բնակիչները Պաշտպանին են ներկայացրել իրենց խնդիրները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ։ Նա հանդիպել է մարզպետ Իշխան Սաղաթելյանի հետ և քննարկել մարզի բնակիչների կողմից Պաշտպանին հասցեագրված բողոքների ուղղվածությունները։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ աշխատել քաղաքացիների բարձրացրած խնդիրների լուծման ուղղությամբ։

Պաշտպանը մարզային այցի շրջանակում այցելել է նաև Ճամբարակ քաղաք և Վահան գյուղ։ Բնակիչները բարձրացրել են ինչպես համակարգային խնդիրներ, այնպես էլ ներկայացրել են անհատական գանգատներ կապված տարբեր պետական հիմնարկների հետ։ Մասնավորապես, բողոքները վերաբերել են տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացակայությանը, հաշմանդամության կարգի և նպաստի սահմանման իրավաչափությանը, ՀԽՍՀ խնայբանկում ներդրած ավանդի փոխհատուցմանը, զինծառայողների իրավունքներին և այլն։

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում միջոցներ կձեռնարկվեն արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ։

Նշենք, որ Պաշտպանի՝ մարզային շարունակական այցերի արդյունքում լուծվել են քաղաքացիների բարձրացրած մի շարք խնդիրներ։