Ռոնալդուն առաջին հաղթանակը պարգեւեց հայրենակիցներին

Քրիշտիանու Ռոնալդուի խփած  միակ գոլի հաշվին Պորտուգալիայի հավաքականն առաջին հաղթանակը տարավ Ռուսաստանում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում:

Մոսկվայի հանրահայտ «Լուժնիկի» մարզադաշտում Եվրոպայի գործող չեմպիոնը հանդիպեց Մարոկոյի ընտրանու հետ: Խաղի արդեն 4-րդ րոպեին Պորտուգալիայի հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն գլխի հարվածով բացեց հաշիվը:

 Թվում էր, որ եվրոպացի ֆուտբոլիստները կոգեւորվեն նման արագ հաջողությունից եւ էլ ավելի եռանդով կգործեն: Սակայն տեղի ունեցավ հակառակը: Մնացած ժամանակում ավելի ակտիվ էր Մարոկոյի ընտրանին, սակայն աֆրիկացի ֆուտբոլիստներն այդպես էլ չկարողացան տրամաբանական ավարտի հասցնել գրոհները:

Այդպիսով, Պորտուգալիայի հավաքականը հաղթեց նավազագույն հաշվով, վաստակեց 4 միավոր եւ գլխավորեց B խմբի աղյուսակը: Մարոկոյի հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց եւ ժամանակից շուտ դուրս մնաց պայքարից: