Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամուլսարից հոսելու է թթվային ջուր, ինչն էլ մեծ խնդիր է լինելու ձեր թոռների համար» (տեսանյութ)

Տնտեսություն
Amulsaar-1

Ամուլսարի ոսկու հանքն առանց շրջակա միջավայրի աղտոտման շահագործելու Լիդիան Ինթերնեյշնլ ընկերության հայտարարությունները Buka Environmental ամերիկյան կազմակերպության ջրային գծով երկրաքիմիկոս   Էնն Մաեսթին զարմացրել են, նրա խոսքով հանքերում այդպես չի լինում: Ամերիկահայ ինժեներ  Հարութ Բրոնոզյանի հրավերով նախորդ տարվա հուլիսից միջազգային հայտնի չորս անկախ փորձագետներ ուսումնասիրել են Լիդիան ընկերության կայքում առկա տասնյակ փաստաթղթեր և գնահատել հանքի շահագործման հնարավոր վտանգները. «Մեր փորձաքննությունը ցույց է տալիս,  որ թթվային դրենաժ արտադրվելու հավանականությունը մեծ է Ամուլսարում, այդ տարածքներից հոսելու է թթվային ջուր, ինչն էլ մեծ խնդիր է լինելու ձեր թոռների համար»,- ասում է Էնն Մաեսթը: Աշխարհի տարբեր հանքավայրերում հոսող ջրերի մաքրման աշխատանքներին մասնակցած դոկտոր Անդրե Սոբոլևսկին ռիսկերը նվազեցնելու մեկ տարբերակ է տեսնում.  ավելցուկային ջրերը պիտի տեղում կրով մաքրվեն և այդ կայանը պիտի գործի հանքի շահագործումը սկսելուն պես: Ըստ Փորձագետի մեկ այլ խնդիր է հնարավոր ռեկուլտիավացիայի՝ հանքավայրի տարածքների  վերականգնման հարցը. «Լիդիանը 34 միլիոն դոլար երաշխիք է տալիս, բայց իմ գնահատականներով հանքը վերականգնելու համար առնվազն 165 միլիոն դոլար է պետք»,- նշում է փորձագետը: Ըստ մասնագետի ընկերությունից պետք է պահանջել վերանայել երաշխիքի չափը, այլապես հանքը փակելու ահռելի ծախսերը մնալու են Հայաստանի ժողովրդի ուսերին:   Ի՞նչ է ասում «Լինդիան Ինտերնեյշնլը» Լիդիան Ինտերնեյշընըլ  ընկերությունը ներկայացրել է Global Resource Engineering ընկերության փորձագետ    Լարրի Բրեքենրիջի պարզաբանումը՝  ի պատասխան այսօրվա քննադատություններին։ «Որպես աշխարհում տասնյակ հանքարդյունաբերական ծրագրերում բնապահպանական աշխատանքի փորձ ունեցող մասնագետ, ես միշտ գերադասում եմ եզրակացություն անելուց առաջ նախ մոտիկից ծանոթանալ ուսումնասիրվող ծրագրին: Այս տեսանկյունից՝ափսոսում եմ, որ Բրոնոզյանի խորհրդատուները մի շարք քննադատական զեկույցներ են գրել Ամուլսարի ծրագրի մասին՝ առանց Ամուլսարում երբևէ ուսումնասիրության մասնակցելու և կամ առանց իրենց հարցերը Ամուլսարում աշխատած մասնագետների, այդ թվում և իմ հետ քննարկելու: Ափսոսում եմ նաև, որ 2018 թվականի հունվարին նրանք մերժեցին գիտական կլոր սեղանին մասնակցելու Հայաստանի Բնապահպանության նախարարության հրավերը, դրա փոխարեն գերադասեցին շարունակել հեռվից զեկույցներ գրել՝ հիմնվելով ծրագրի վերաբերյալ սահմանափակ գիտելիքների և Լիդիանի կողմից տրամադրված հետազոտությունների սխալ մեկնաբանության վրա: Լիդիանը Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականը և դրա թարմացված տարբերակը հրապարակել է 2015 և 2016 թվականներին: Դրանից հետո, ինչպես և նախատեսված էր ծրագրով, տեղում շարունակվել է ահռելի աշխատանքը թթվային դրենաժի և դրա կառավարման եղանակների շուրջ: Մենք բավարար ապացույց ունենք, որ մեր կողմից ընտրված մեթոդները արդյունավետ են և ժամանակակից ամենալավ չափանիշներով կառավարելու ենք թթվային ապարների դրենաժի ցանկացած պոտնեցիալ խնդիր Ամուլսարում: Միաժամանակ ուզում եմ ընդգծել, որ թթվային դրենաժը խնդիր է գրեթե բոլոր հանքարդյունաբերական ծրագրերում, և բոլորովին հատուկ չէ միայն Ամուլսարին: Քանի որ Ամուլսարում մենք կիրառում ենք ռիսկի կառավարաման լավագույն մեթոդները, բոլոր մտահոգ քաղաքացիների շահերից է բխում հետևել, որ ժամանակակից մեթոդներ կիրառվեն նաև Հայաստանում այլ հանքարդյունաբերական ծրագրերում: Այս առումով, ուրախ կլինեմ, եթե մեր աշխատանքը օգնի բոլոր շահագրգիռ կողմերին ավելի լավ տեղեկացված լինել խնդրի մասին»։ Ըստ ընկերության՝  Լարրի Բրեքենրիջն Ամերիկյան Global Resource Engineering ընկերության փորձագետ է, կանադական օրենսդրության համապատասխան որակավորված մասնագետ: Այս կոչումն ունեցող մասնագետների տեսակետները ունեն իրավական ուժ և տեխնիկատնտեսական հաշվետվություններում ու Կանադայի արժեթղթերի և բորսայի հանձնաժողովի կողմից պահանջվող այլ փաստաթղթերում ընդունվում են որպես հիմք: Լարրի Բրեքենրիջը ունի տարբեր երկրներում հանքերի բնապահպանական կառավարման 20 տարվա փորձառություն, բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է: Նա մեկն է միջազգային ճանաչում ունեցող փորձագետներից, որոնք մասնակցել են Ամուլսարի ծրագրի բնապահպանական կառավարման նախագծի մշակմանը և իրագործմանը: