Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթանակ բերած մարդը չկարողացավ իր բարձրության վրա մնալ. գնդապետ (տեսանյութ)

Հասարակություն
asulis-1-3

Մանվել Գրիգորյանի հետ կապված դեպքը հզոր ձեւով ազդեց ժողովրդի վրա, սա բարոյական անկում էր, ասում է հոգեբան Սամվել Խուդոյանը։ «Առաջիկայում նրանից շատ ավելի հզոր թալանչիների կբացահայտեն։ ժողովրդի մեջ արդարության զգացողության բթացում էր եւ հիմա արդարության հույս է առաջացել»։  Բյուջեն լցնելու ձեւերից մեկն էլ սա է, համոզված է հոգեբանը։ Ըստ ԱԱԾ նախկին պետի տեղակալ  Եղիազարյանի՝ Մանվել Գրիգորյանի «տուշոնկան» հաստատ բյուջեն չի լցնի: «Նա մեզ գցեց նոր խայտառակության մեջ եւ սա մեր նորօրյա պատմության ամոթալի էջերից է։ Նա ձեռք բարձրացրեց այն սրբագույն զգացողության վրա, որ կարող էր փոքրիկ աղջնակը զգալ սահմանին կանգնած զինվորի հանդեպ»։ Միգուցե այս նկարահանումները պետք էին էջմիածնեցուն, որը ստրկացել էր, ասում է Եղիազարյանը: «Ես մտածում էի, որ մեր հարևան ադրբեջանցիները չտեսնեն այդ ամենը: Խոսքը Արցախի հերոսի մասին է: Բայց կան նման առնետներ, որ զբաղվում են գողությամբ: Կրկին հարց է բարձրանում նույն ՊՆ-ի համար: ՊՆ-ն ունի հատուկ կառույց, որը պետք է զբաղվի օպերատիվ հետախուզական միջոցառումներով: Ճիշտն ասած՝ թշնամու լրտեսի բռնելը կարող եմ համեմատել խտացրած կաթ գողացողի հետ: Չեմ իմանում, որ մեկն ավելի մեծ վնաս կհասցնի իմ հայրենիքին: Այս խայտառակությունը որքան արագ մենք մոռանանք, միգուցե այդքան հանգիստ կապրենք: Սա նրանց ճակատին ամոթի, ստորության խարանն է»: Գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը ԱԱԾ-ի հրապարակած կադրերը նայելուց խոր ցնցում է ապրել: «Մարդկային ստորությունը սահման չունի: Բայց միեւնույն ժամանակ Մանվել Գրիգորյանի ներդրումը Մարտակերտում շատ մեծ է: Երբ Մարտակերտում 1800 զոհ էին տալիս եւ չէին կարողանում իրավիճակը կարգավորել, Մանվել Գրիգորյանը կարողանում է տարածքները վերցնել 70 զոհով: Հաղթանակ բերած մարդը չկարողացավ իր բարձրության վրա լինել»: Նրա ներկայացմամբ՝ այժմ երկրապահը ծանր բարոյահոգեբանական վիճակում է. «Երկրապահն աղավաղվեց, դարձավ խամաճիկ կառույց, բայց երկրապահի դերակատարությունը մեծ է և կլինի առաջիկա տասը տարիներին: Ապրիլյան պատերազմի ժամանակ հիմնական կռվող ուժը, որ առաջինը գնաց, կանգնեց զինվորի կողքին, և Ադրբեջանը զգաստացավ՝  երկրապահն է: Եթե ինչ-որ մեկը Մանվել Գրիգորյանի վատ արարքի պատճառով փորձում է երկրապահին ոչնչացնել, չեզոքացնել, ուղիղ հարվածում է մեր պետությանը և պաշտպանությանը»: