Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Թանկյանը կոչում չունի, բայց պակաս հեղինակություն չի». ԱԺ լսումներ մշակույթի հարցերով (տեսանյութ)

Հասարակություն
mshakuyt

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը չէր կարողացել ներկայանալ «Հայաստանի Հանրապետության մշակութային քաղաքականության ուղղություններն ու հիմնահարցերը միջազգային պարտավորությունների համատեքստում»  խորագրով  ԱԺ լսումներին։  Եկել էին երկու փոխնախարարները՝ Վահե Բուդումյանը և Տիգրան Գալստյանը., որոնք ընդամենը մի քանի օր է ինչ նշանակվել են այդ պաշտոններում։  Տեսակետ հնչեց, որ այս լսումները դավադրություն են նորանշանակ փոխնախարարների դեմ: Այս  տեսակետը  դուր չեկավ լսումների կազմակերպիչներին՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանին  ու ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին: Նաիրա Զոհրաբյանը ասաց, որ այդ տպավորությունը սխալ է: «Ձեր տպավորությունը բացարձակապես սխալ է:  Եթե եկել եք այս հարգարժան լսարանում հարցեր քննարկելու, մի փորձեք էժանացնել այն, հարգարժան փոխնախարար, եթե Ձեզ մոտ ևս նման տպավորություն է, ապա զբաղեցրեք ձեր տեղը, մյուս փոխնախարարը կպատասխանի»,- ասաց նա: Լսումների քննարկման բուռն թեմա դարձավ պետական կոչումների  տրամադրման գործընթացը։ ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց, թե ինչքանով են հարիր նոր Հայաստանին այդ կոչումներն ու պարգևները: «Ասենք, Սերժ Թանկյանը կոչում չունի, բայց պակաս հեղինակություն ունի, կամ Շառլ Ազնավուրը, կամ Բրեդ Փիթը ևս ժողովրդականի կոչում չունեն: Մենք գիտենք, որ այդ ամենի մեջ կա քաղաքական ենթատեքստ: Վաստակավորի կոչում են տալիս ու ստիպում, որ ընտրարշավի ժամանակ ուղեկցեն  «թատերախմբին»,- նշեց Սերգեյ Բագրատյանը: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը ասաց, որ պարգևներն ու կոչումները կարևոր են, պետք է պետությունը ինչ-որ կերպ իր դիրքորոշումը արտահայտի, թե որն է արժանի, որը ոչ, սակայն պետք է ճիշտ ձևը գտնել: «Անգլիան, Ֆրանսիան, բոլորը երկրները ունեն խրախուսելու ինչ-որ տարբերակ:  Պետք է ձևը գտնենք, եթե խորհրդայինը համարում ենք սխալ, կարելի է շտկել  այն»,- ասաց նա: Կառավարության ներկայացուցիչները խոստացան, որ շուտով կներկայացնեն  Հայաստանի մշակութային քաղաքականության ուղղությունները և նպատակը, որը հնարավորություն կտա բոլորին դերակատարում ունենալ  մշակութային կյանքին։