Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իմ համար հանելուկ է Հռիփսիմե Խուրշուդյանի նոր որակազրկումը». Փաշիկ Ալավերդյան

Սպորտ
sport-shtanga

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան երկու տարով երկարացրել է Հայաստանի ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկումը: Այդ մասին այսօր հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը: Դա նշանակում է, որ Հռիփսիմե Խուրշուդյանը, ում որակազրկման ժամկետը լրացել էր այս տարվա մայիսին, ստիպված է եւս երկու տարով հետաձգել իր վերադարձը մեծ սպորտ: «Ա1+»-ի այն հարցին, թե միջազգային ֆեդերացիան ինչի հիման վրա է խստացրել մեր մարզուհու պատժաչափը, Փաշիկ Ալավերդյանն ասաց. «Դա իմ համար հանելուկ է մնում, քանի որ նույն խախտման համար մյուս երկրների ծանրորդներն որակազրկվել են երկու, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը՝ չորս տարով: Ես այդ հարցը պատրաստվում եմ բարձրացնել հուլիսի 4-6-ը Տաշքենտում կայանալիք միջազգային ֆեդերացիայի համաժողովում: Տեսնենք, թե ինչ կտա դա: Համենայդեպս, ԾՄՖ-ի բերած նախնական փաստարկները համոզիչ չեն»: Հավելենք, որ հուլիսի 7-14-ը Տաշքենտում տեղի կունենա ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Դա այս տարվա վերջին մրցաշարն է, որը Հայաստանը բաց կթողնի որակազրկման պատճառով: Իսկ ահա հուլիսի 20-ին Իտալիայում մեկնարկող Եվրոպայի պատանեկան առաջնությունում մեր մարզիկներն արդեն իրավունք ունեն մասնակցելու: