Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զենքը հասկացանք, կարող էր վաճառքի առարկա լիներ, բա սանտավիկն ինչ գործ ուներ այդտեղ»

Քաղաքականություն
Untitled-12

ԱԺ ճեպազրույցներին այսօր Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը եւս, անդրադառնալով գեներալ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը, նշեց. «Խայտառակություն է ու ամոթ է։ Մինչ իշխանափոխությունը, ունեցել ենք չէ՝ ԱԱԾ ու ոստիկանություն, որոնք ուղղորդել են այդ գործընթացը ու միայն Մանվել Գրիգորյանը չէ, որ պետք է պատասխանատվություն կրեն։ Օրինակ` շտապօգնության մեքենան ասեղ չէ, որ տանես, թաքցնես, հաստատ էլի իմացողներ եղել են։ ՀՀԿ խմբակցությունը պետք է քաղաքական դիրքորոշում հայտնի ու աջակցի իրավապահներին, որ նաեւ Գլխավոր դատախազի հնարավոր միջնորդությանը ԱԺ` անձեռնմխելիությունից զրկելու՝ խաթարող որեւէ բան չլինի։ Որեւէ մեկի տունը խուզարկելու թույլտվություն ստանալը որեւէ դատարանում խնդիր չէ, այլ բան է, որ քաղաքական կամք չի եղել։ Քաղաքական նախկին իշխանությունները պատասխանատվություն են կրում այս տեղեկության տարածումից հետո»: Նա նաեւ անդրադարձավ  ԱԺ արտահերթ նիստին մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման անցկացմանը. «ԱԺ-ն արտահերթ նիստ կարող է հրավիրել Կառավարությունը եւ պատգամավորները։ Կառավարությունը վաղվա ԱԺ արտահերթ նիստում հիմա կարող է օրակարգում լրացումներ անել ու անձեռնմխելիությունից զրկելու մասին հարցը ընդգրկել, քանի որ վաղը Մանվել Գրիգորյանի ձերբակալման 72 ժամը լրանում է։ ԱԺ-ն կարող է նաեւ արտահերթ նիստ հրավիրել պատգամավորների ստորագրություններով։ Քանի որ սա պարտադիր քննարկման հարց է` կա պատգամավոր, որ հանցագործություն է կատարել, ապա պետք է հարցը քննարկվի թեկուզ ԱԺ արտահերթ նիստում, հակառակ դեպքում աբսուրդ կլինի սպասել ԱԺ հերթական նիստի անցկացմանը։ Օրինակ` երբ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին ձերբակալեցին, ես տեղյակ էի, որ պատգամավորների ստորագրություններով պետք է ԱԺ արտահերթ նիստ լիներ»: Իսկ թե ինչին էր պետք Մանվել Գրիգորյանին այդքան զենք-զինամթերք, Էդմոն Մարուքյանը նշեց. «Պետության մեջ պետություն են դառնում այդպիսով։ Ես կարծում եմ` չպետք է որեւէ ֆիզիկական անձ պետական գործառույթներ իրականացնի, օրինակ ԵԿՄ-ն, որի գործառույթները պետք է պետությանը` ՊՆ-ին հանձնվեն»։ Ելք խմբակցության մեկ այլ պատգամավոր` Ալեն Սիմոնյանը նշեց, որ սա առաջին ու վերջին դեպքը չի լինելու. «Առաջիկայում նմանատիպ դեպքերի էլի ականատես կլինենք։ Սա այն կոռումպացված համակարգն է, որի հետեւանքով մենք կռվում էինք 80-ականների զենքով ու խորին ցավ եմ ապրում, որ մենք քննարկում ենք Մանվել Գրիգորյանի հարցը։ Փաստացի սա խայտառակություն է։ Նաեւ ծիծաղ է առաջացնում, երբ ՀՀԿ-ից ասում են, թե նա իրենց հետ կապ չունի. դա նույնն է, երբ ասում են` ես բիզնեսներ չունեմ, կնոջինս է, դա նույն տրամաբանության մեջ է։ Երբ նույն բոլշեւիկին գրիչներ էր նա նվիրում, այդ ժամանակ Մանվել Գրիգորյանը թիմի անդամ չէ՞ր։ Եթե դա ՀՀԿ-ն չի իմացել, ուրեմն ինքը կոմպետենտ չի եղել։ Իմ կարծիքն է, որ նման բաներ մենք դեռ շատ կտեսնենք։ Ինչ վերաբերում է այդքան զենք-զինամթերք պահելուն, ապա ենթադրվում էր, որ փոքր զինված բախում պետք է լիներ Դոն Պիպոյի հետ։ Դա փոքր բանակի զենք էր։ Մի վաշտ կարելի էր զինել։ Զինվորները զոհվել են փամփուշտ չունենալու պատճառով, զենքը կարող է նաեւ վաճառքի առարկա լիներ։ Լավ, բա սանտավիկն ինչ գործ ուներ այստեղ»: