ԱԱ-2018. Բրազիլիան չկարողացավ պահպանել առավելությունը Շվեյցարիայի հետ խաղում

Ռուսաստանում շարունակվող ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունում այսօր պայքարի մեջ մտավ Բրազիլիայի հավաքականը։ Աշխարհի հնգակի չեմպիոնների առաջին մրցակիցը Շվեյցարիայի ընտրանին էր։

 

Ռոստովում կայացած խաղում առաջինը գոլի հեղինակ դարձան բրազիլացի ֆուտբոլիստները։ 20-րդ րոպեին հեռահար դիպուկ հարվածով աչքի ընկավ Կոուտինյոն։

 

Երկրորդ խաղակեսի 10-րդ րոպեին շվեյցարացիները խփեցին պատասխան գնդակը։ Ստիվեն Ցուբերը անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով գրավեց Ալիսոնի դարպասը՝ 1:1։

 

Հանդիպման վերջին րոպեներն անցան Բրազիլիայի անդադար գրոհների ներքո, սակայն Շվեյցարիայի հավաքականի դարպասապահ Յան Զոմերը հետ մղեց իր դարպասին կատարված բոլոր երեք դիպուկ հարվածները:

 

Այդպիսով, առաջնության գլխավոր ֆավորիտը կորցրեց առաջին միավորները: Հաջորդ խաղում Բրազիլիայի ընտրանին կհանդիպի Կոստա Ռիկայի ընտրանու հետ, որն այսօր 0:1 հաշվով պարտվել է Սերբիայի ազգային թիմին: