Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ․Ազատամարտիկները պահանջում են ազատ արձակել Մանվել Գրիգորյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Untitled5-2

15.23 Ցուցարարաները շարունակում են բողոքի ակցիան: Մանվել Գրիգորյանի նախկին օգնականը կոչով դիմեց մյուս ցուցարարներին, որպեսզի համախմբված շարունակեն խաղաղ բողոքի ցույցերը: Վերջինս կոչ արեց դատարաններին գործել անկախ և արդար: «Կոչ եմ անում, որ մեր դատարանը լինի արդար: Չգնա պետական պաշտոնյաների ցուցումներով: Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյան, արդյո՞ք Ձեր ֆեյսբուքյան գրառումը չի ուղղորդում Ազգային անվտանգության ծառայությանը»: Կոչից հետո ցուցարարները վանկարկում էին ամոթ-ամոթ ուղղված Դավիթ Սանասարյանին: .................... Քիչ առաջ ԱԱԾ-ի դիմաց իրենց բողոքի ակցիան սկսեցին ՀՀԿ պատգամավոր Մանվել Գրիգորյանի աջակիցներն ու ԵԿՄ ազատամարտիկները: Նրանք պահանջում են ազատ արձակել Մանվել Գրիգորյանին:  Նրանք առավոտյան կրկին շրջափակել էին ԱԱԾ շենքը, որտեղ երեկվանից գտնվում է Մանվել Գրիգորյանը: Աջակիցները փորձեցին փակել Նալբանդյան փողոցը՝ նստելով փողոցի մեջտեղում, սակայն ոստիկանները թույլ չտվեցին: Այժմ նրանք երթ են անցկացնում Երևանի փողոցներով՝ վանկարկելով «գեներալ», «զորավար»: Աջակիցները ուղևորվում են Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ քննվելու է Մանվել Գրիգորյանի փաստաբանի միջնորդությունը, թե որքանով է իրավաչափ գեներալի ձերբակալումը: Պատգամավորի անձեռնմխելիության փաստով, փաստաբան Գուրգեն Գրիգորյանն ասել է, որ Մանվել Գրիգորյանին բերման կարող էին ենթարկել միայն հանցանք կատարելու պահին, այնինչ նման բան չի եղել. «Դա ապօրինի է, հակաօրինական է, և ես դա որպես իրավաբան եմ ասում»։ Փաստաբանը տեղեկացրել է, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը: Հիշեցնենք, որ ԵԿՄ  նախագահ Մանվել Գրիգորյանը երեկ Էջմիածնում ձերբակալվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք, ռազմամթերք պահելու համար: Մանվել Գրիգորյանը չի ընդունում մեղադրանքը: