Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Բաբայանը ազատ արձակվեց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
samvel-babayan

ՀՀ Վճռաբեկ դատարանը քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանի նախագահությամբ քննում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների՝ «Իգլայի»գործով 2018 թվականի մայիսի 24-ին Վճռաբեկ դատարան ստացված արդարացման պահանջով բողոքը: Բացի բողոքից, Վճռաբեկ դատարան են ներկայացվել նաև անձնական երաշխավորագրեր՝ ԱԺ «Ելք» դաշինքի և «Ծառուկյան»խմբակցության մի քանի պատգամավորների կողմից` Սամվել Բաբայանի կալանքը փոխելու մասին։ Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Արցախի հերոս Սամվել Բաբայանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման, իսկ Վերաքննիչ դատարանը վճիռը թողել էր անփոփոխ: Քիչ առաջ Վճռաբեկ դատարանը բողոքը բավարարեց մասնակիորեն` Սանասար Գաբրիելյանի, Արմեն Պողոսյանի և Դամվել Բաբայանի գործն ուղարկել նոր քննության: Կալանքը փոխելու մասին միջնորդությունները նույնպես բավարարվեցին: Գրավի գումարը վճարելուց հետո Սամվել Բաբայանը և մյուս ամբաստանյալներն ազատ կարձակվեն: Ժամեր անց Սամվել Բաբայանի համար գրավը մուծվեց և նա ազատ արձակվեց։ Նրան դիմավորեցին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը, Բաբայանի մարտական ընկերներն ու համախոհները: Վերջիններս իրար հերթ չտալով՝ փորձում էին րոպե առաջ մոտենալ Սամվել Բաբայանին ու գրկել, համբուրել նրան: Հարցին՝ դուք Ձեր ազատ արձակումը կապո՞ւմ եք հեղափոխության հետ՝ նա պատասխանեց, որ իհարկե, հեղափոխություն եթե չլիներ, այսպես չէր լինի»:  Լրագրողները  Սամվել Բաբայանից հետաքրքրվեցին՝ Դուք հայտարարել էիք, որ ձեր դեմ գործը քաղաքական պատվեր է, ո՞վ էր դրա հետեւում կանգնած՝ Սամվել Բաբայանը պատասխանեց, որ Հայաստանի բոլոր քաղաքական գործիչներն էլ տեղյակ են, որ իր ձերբակալումը եղել է պատվերով. «Հայաստանում մի մարդ է պատվեր տալիս, 7 հոգի չկան: Էդ կենդանին էլ, ինքը գիտի, որ կենդանի ա ու ինչ պատվեր ա տվել, ինչ ա արել, մնացածը՝ դատարանում: Ես չգիտեմ անուն-ազգանունը, ես նրան կենդանի եմ ասում»: Ըստ Սամվել Բաբայանի, անուն-ազգանուն տալով՝ մեծարում ենք մի մարդու, ով դրան արժանի չի: Հարցին՝ ո՞ւմ նկատի ունեք՝ Բաբայանը պատասխանեց. «Ում նկատի ունեք, պատվեր էս երկրում մի մարդ ա տվել, ո՞վ ա էդ մարդը, դուք գիտեք, չէ՞»:  Սամվել Բաբայանն ասաց, որ քաղաքական դրդապատճառներով են իրեն ձերբակալել. «Իմ հետ ԱԱԾ-ի շենքում խոսել են, ասել, որ մենք 5 տոկոսի շեմն արդեն անցնում ենք, պատրաստվում ենք մեծ միտինգի, այսինքն, անցնելու ենք բոլոր շեմերը ՕՐՕ դաշինքով, արդեն պառլամենտում իրանք չեն կարա ունենան այն մեծամասնությունը, որը ունեին, դրա համար ինձ պիտի ձերբակալեին: Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ լիդերներին չձերբակալեցին, ասաց՝ ես ՕՐՕ դաշինքում չկամ, չեմ երեւում, ձերբակալեին լիդերներից մեկին՝ պարզ բացատրել են, պարոն Բաբայան, դուք եք կազմակերպում, շտաբը դուք եք ղեկավարում, դուք եք մեզ պետք, դուք եք մեզ խանգարում, էդքան մի բան: Եթե դուք տեղյակ չեք, ասեմ, անվտանգության պետի տեղակալն է ասել, ով զբաղվել է օպերացիայով: Ես ոչ մի բան չեմ թաքցրել»: