Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ֆրեսկո». Հայաստանը 10 օր շարունակ կվերածվի մշակութային ժողովրդական տոնի

Մշակույթ
2-2

2018 թվականի հունիսի  22-ից  կմեկնարկի  «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի հինգերորդ  միջազգային փառատոնը: Հայաստանը 10 օր շարունակ կվերածվի մշակութային ժողովրդական տոնի՝ ծավալվելով թե Երևանի սրտում, թե մարզերի պատմամշակութային վայրերում: Կարապի լճի տարածքում, զուգահեռ դահլիճներում  տեղի կունենան  ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, վարպետության դասեր: Վրանային ճամբարը տեղի կունենա Տաթևի վանքի տարածքում և քաղաք Գորիսում /Սյունիqի մարզ/։ Իր տեսակով Հայաստանում եզակի «Ֆրեսկո» ճամբարները, ոչ միայն հասարակության ու հատկապես երիտասարդ սերնդի լայն շրջանակներին ներգրավելու հրաշալի միջոց են, այլև՝ Հայաստանը ճանաչելու նոր ձևաչափ: Ամեն տարի փառատոնը իր շուրջն է համախմբում տարբեր երկրներից հոգևորականների,  արվեստագետների, կինոգործիչների և այլ մտավորականների: Այս տարի  հազարից ավել հայտերից փառատոնում ընդգրկվել են 13 երկրներից 28 ֆիլմ, ինչպես նաև միջազգային ճանաչում ունեցող հյուրեր։ Ֆրեսկո արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի ընդհանուր նկարագիրը Ֆրեսկո. կինոփառատոնի նոր բանաձև. «Ֆրեսկո» միջազգային նախաձեռնությունն առաջարկում է փառատոնի անցկացման բոլորովին նոր` հանրության մեջ արմատացած պատկերացումներից տարբերվող ձևաչափ: Փառատոն, որի նպատակը հոգևոր ասելիք ունեցող համաշխարհային միջոցառումների և մշակութային նմուշների ցուցադրությունն է և դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ և ազատ հանրային քննարկումների կազմակերպումը: «Ֆրեսկո». ոչ ֆորմալ մոտեցում «Ֆրեսկոն» մասնակիցներին փառատոնի անցկացման ոչ ֆորմալ մոտեցում է ներկայացնում փառատոնի բոլոր փուլերում` կինոդիտումից մինչև միջոցառումների անցկացման վայրեր, նստարանից մինչև մրցանակ: Հայաստան բերված հրաշալի ֆիլմերը, ֆոտոցուցահանդեսները և ներկայացումները դուրս են բերվում կինոդահլիճներից ու բառիս բուն իմաստով մտնում փողոց: Փառատոնի մի մասը անց է կացվում Երևանից դուրս` Հայաստանի գեղատեսիլ անկյուններում: Մասնակիցները հնարավորություն են ստանում մասնակցելու Հայաստանում իր նախադեպը չունեցող ճամբարների:  Վրանային կինոճամբարներ ՀՀ մարզերոմ Սիրելու առաջին քայլը ճանաչելն է Ցուցադրությունների համար ընտրելով Հայաստանի պատմամշակութային կարևոր կենտրոնները` փառատոնը մասնակիցներին առանց ճնշող պարտադրանքի «ստիպում է» ճանաչել այդ հուշարձանները, տեղի նիստուկացը, շփվել բնության, տեղի բնակիչների հետ: Վրաններ, ազգային հյուրասիրություն, երգ-երաժշտություն, տեղանքին համապատասխան ֆիլմ ու խարույկի շուրջ կազմակերպված քննարկումներ: «Ֆրեսկո» կինոծրագիր. խոսում ենք մարդասիրության լեզվով Փառատոնին մասնակցում են խաղարկային և վավերագրական տարբեր ձևաչափերի ֆիլմեր, որոնցում դատապարտվում են պատերազմները, բռնությունը, ազգային, կրոնական խտրականությունը, մարդկային գործոնների հետևանքով ծագած էկոլոգիական աղետներն ու... քարոզվում խաղաղություն, հանդուրժողականություն, մարդասիրություն և համամարդկային այլ արժեքներ: Ֆիլմերին հաջորդող քննարկումներին մասնակցում են  ոչ միայն ժապավենի ստեղծողները, ալև ֆիլմում արծարծված խնդիրներին անմիջականորեն առնչվող հերոսներ, ոլորտի պատասխանատուներ: Ֆիլմերի Մրցանակները շնորհվում են հետևյալ  անվանակարգերում` Լավագույն ուղերձ «Հավատ» Լավագույն ուղերձ «Հույս» Լավագույն ուղերձ «Սեր» Լավագույն ուղերձ «Խաղաղություն» Լավագույն ուղերձ «Քաջություն» Լավագույն ուղերձ «Մարդասիրություն» Լավագույն ուղերձ «Հայրենասրություն»  Ռոքից դասական, ազգայինից-հոգևոր Արդի արվեստի և դասական մշակույթի համադրություն՝ «Ֆրեսկոն» համախմբում է տարբեր սերնդի և ճաշակի պատկանող հանդիսատեսի. ռոքից մինչև դասական, դասականից մինչև ժողովրդական: Յուրաքանչյուր փառատոնային օրվա մեկնարկը հայտարարվում է համերգային ծրագրով: