Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱԿ-ում ներկայացվել է Հայաստանի օրինակը` կայուն զարգացման նպատակների իրականացման համատեքստում

Պաշտոնական
1102f3_hq

Հունիսի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ընթացքում կայացավ Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ֆինանսավորմանը նվիրված բարձր մակարդակի միջոցառում, որի շրջանակներում որպես բանախոս ելույթ ունեցավ ՄԱԿ-ում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մհեր Մարգարյանը: Միջոցառմանը ներկայացվեցին ՄԱԿ-ի զարգացման գործողությունների համակարգման գրասենյակի և Դագ Համարշոլդի հիմնադրամի կողմից հրապարակված զեկույցի արդյունքները` քննարկումների կենտրոնում պահելով երեք երկրների՝ Հայաստանի, Ինդոնեզիայի և Քենիայի փորձը զարգացմանն ուղղված ՄԱԿ-ի ֆինանսավորման նորարար, ոչ ավանդական մոտեցումները գործնականում կիրառելու և որդեգրելու առումով: Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2015թ. կայուն զարգացման նպատակների ընդունումից ի վեր Հայաստանում իրականացվող ֆինանսական նախաձեռնություններում նկատվում է երկու հիմնական միտում` սոցիալական ձեռներեցության ձևավորում և ավանդական բարեգործական գործունեությունից անցում դեպի հանրօգուտ ներդումների ծրագրեր: Միջոցառման մասնակիցները քննարկեցին ՄԱԿ-ի դերը կայուն զարգացման նպատակների համար նորարար մոտեցումներ մշակելու գործում, հիշատակելով Հայաստանի յուրահատուկ օրինակը՝ ԿԶՆ-ներին հասնելու գործընթացում, որտեղ մասնավոր և հասարակական հատվածի միջև համագործակցության ձևափոխումը տվեց համապատասխան դրական արդյունք և ստացան համընդհանուր ճանաչում: Բանախոսների կազմում էին Հայաստանում ՄԱԿ-ի նախկին մշտական համակարգող, ներկայումս ՄԱԿ-ի ԿԶՆ Համատեղ հիմնադրամի ավագ խորհրդատու Բրեդլի Բուզետոն, «Ֆինանսների փոխակերպում» կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն Անդրեա Արմենին, ՄԱԿ-ի զարգացման կապիտալի հիմնադրամի ներկայացուցիչ Էսթեր Պան Սլոնը, ՄԱԶԾ ներկայացուցիչ Գեյլ Հարլին, Դագ Համարշոլդի հիմնադրամի ղեկավար Լիզա Օրենիուսը։