Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շնորհակալ պետք է լինենք, որ Վրաստանում այսքան մնացել ու պահպանվել ենք» (տեսանյութ)

Մշակույթ
Samvel

Հայաստանի սահմաններից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնը Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անունը կրող դրամատիկականն է, որն ունի 160  տարվա պատմություն, որի բեմում խաղացել են Պետրոս Ադամյանը, Սիրանուշը, Վահրամ Փափազյանը, Հովհաննես Աբելյանը։ «Ավելի քան յոթ տարի, որպես վթարային շենք, թատրոնի  դռները փակել  և  առանց բեմ ունենալու այսքան տարի հանդիսատեսի համար պահել է գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը՝  իր շնորքով և կոլեկտիվն իր նվիրվածությամբ»,-ասում է թատրոնի դերասան Սամվել Էլբակյանը։ Թատրոնի կոլեկտիվը, որ իր բեմադրությունները ներկայացնում է Վրաստանի ու Հայաստանի տարբեր բեմերում այսօր ավելի քան հուսադրված է, որ հեռու չէ այն օրը, երբ կխաղան թատրոնի նոր շենքի բեմում։ Սամվել Էլբակյանի խոսքով վեց ամիս է վերանորոգման աշխատանքները սկսվել են, որի համար շնորհակալություն պետք է հայտնել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն, նաև այսօրվա իշխանություններին, որ պետական բյուջեից գումար են տրամադրում։ «Մեզանից յուրաքանչյուրն էր սպասում այս օրվան, -ասում է դերասանը։-Արվեստի մարդիկ էլ սպասում էին, որ ազատությունը վանդակից դուրս բերեն ու շատ արժանի մարդիկ կան, որ մինչ օրս նրանց անունն իսկ չենք լսել, ռիտաների ու սերժիկների քողի տակ թաքցված են եղել, հիմա կարողանալու են արժանապատիվ ստեղծագործել: Խոսում են Վրաստանից հայերի արտագաղթի մասին, բայց իրենք վրացիներն են այսօր արտագաղթում և հայերից առավել նրանք են կանգնած այդ խնդրի առաջ։ Եթե Հայաստանում այսօր կա հայի գոյատևման ու վերածնման խնդիր... ինչի մասին է խոսքը։ Մենք նույնիսկ շնորհակալ պետք է լինենք, որ Վրաստանի հանրապետությունում այսքան մնացել ու պահպանվել ենք։ Սահակաշվիլուց հետո որևէ հայի չեն ասել վեր կաց գնա, իսկ Նիկոլ Փաշինյանի դուխով մուտքը Վրաստան դուխ տվեց վրացահայ համայնքին վերածնվելու»։ Սամվել էլբակյանը համոզված է, որ նույնիսկ ռուսական համայնքն է իր վերածնունդը տոնելու։ «Հայի տեսակը ինչ էլ լինի մնում է հայ և կտեսնեք ինչ հզոր սփյուռք ենք ունենալու»-ասում է նա։