Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ավրորա» մրցանակակիր Չո Լա Աունի անունը գրանցվեց «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում  

Հասարակություն
800x640

2018թ. հունիսի 10-ին «Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկիր Չո Լա Աունի անունն արձանագրվեց «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում, որը 21-րդ դարի բացառիկ մատյան է եւ առաջինը, որը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում։ Նույն օրվա այգաբացին Արարատյան դաշտավայրում՝ Խոր Վիրապի հարակից տարածքում, տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում Չո Լա Աունը դարձավ  2018թ. «Ավրորայի» դափնեկիր, որն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շնորհում է Հայոց ցեղասպանության վերապրողների անունից` ի  երախտագիտություն նրանց փրկողների։ «Մատյան Մարդասիրացն» «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեության տարեգրությունն ամփոփող ձեռագիր մատյան է եւ հանրությանն է ներկայացվել 2018 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչման օրը։ Այդ օրն ազդարարվել են նաեւ «Ավրորա» մրցանակի 2018թ. հերոսների անունները՝ արձանագրվելով «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում: Այն ամեն տարի համալրվելու է «Ավրորա» մրցանակի ազդեցությունը ներկայացնող պատմություններով, ինչպես նաեւ մրցանակի հերոսների եւ դափնեկիրների պատմությունները ներկայացնող 365 (նահանջ տարում՝ 366) բառանոց տարեգրություններով։ «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի անվան արձանագրմանը նվիրված հանդիսավոր արարողությանը մասնակցում էին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը եւ Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաեւ «Ավրորա» մրցանակի նախորդ տարիների դափնեկիրները՝ Մարգարիտ Բարանկիցեն եւ Թոմ Քաթինան։ Միջոցառման բարձրակետերից էր այն հուզիչ պահը, երբ Վարդան Գրեգորյանն իր ստորագրությունը զետեղեց «Մատյան Մարդասիրացի» տիտղոսաթերթումա, որն ապրիլի 24-ին ստորագրվել էր Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի կողմից։ Բոլոր համահիմնադիրների ստորագրությամբ տիտղոսաթերթը դառնալու է ձեռագրի անքակտելի մասը։ Հյուրերին սպասում էին «Ավրորայի» կամավորները՝ 2018թ. դափնեկրին պատվելու։ Պաշտոնական մասի ավարտից հետո հյուրերը հնարավորություն ունեցան ըմբոշխնելու հայկական երգի եւ պարի «Կարին» համույթի ներկայացումը եւ միանալու հայկական ավանդական քոչարի շուրջպարին։ Ներկաներին ներկայացվեց նաեւ երաժշտական ռիթմիկ գործ՝ «Վահագն» դհոլահարների համույթի կատարմամբ։ Մատենադարանը միջնադարյան ձեռագրերի եւ տպագիր գրքերի հարստագույն հավաքածուներից մեկն է աշխարհում, ուր պահվում են պատմությունից ու փիլիսոփայությունից մինչեւ բժշկության ոլորտին վերաբերող մատյաններ։ «Մատյան Մարդասիրացը» կպահվի հայկական մշակութային եւ մարդասիրական արժեքների պահպանության կարեւորագույն կենտրոն Մատենադարանում ներկայումս ամփոփված ավելի քան 20,000 պատմական մեծարժեք ձեռագրերի կողքին։ «Ավրորա» մրցանակի 2019թ. հերոսների անունները հայտնի կդառնան եւ կգրվեն  «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում 2019թ. ապրիլի 24-ին։