Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շտեմարանները թույլ չեն տալիս բացահայտել աշակերտների իրական հնարավորությունները». նախարար

Հասարակություն
1DX_7324

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել  «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին: Նա այցելել է Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում  տեղակայված քննական կենտրոն, որտեղ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության համար հայտարգրվել է 127 դիմորդ, որոնցից 7-ը չէր ներկայացել: Արայիկ Հարությունյանը շրջել է կենտրոնում ձևավորված  3 քննասենյակներում, հետաքրքվել` բավարար վերահսկողություն սահմանվա՞ծ է քննության անաչառ ընթացքի համար: Լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ ինքն այցելել է նաև նախորդ միասնական քննությանը և ընդհանուր առմամբ քննական գործըթնացը գնահատում է բավարար: Այս ընթացքում  Արայիկ Հարությունյանը ստացել է երկու դժգոհություն` երկուսն էլ սոցիալական ցանցով: Առաջինը Չարենցավանում տեղակայված քննական կենտրոնում վերահսկողությունը խստացնելու, երկրորդը` Երևանի թիվ 190 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոնում քննության ժամանակ ընթացակարգի խախտման վերաբերյալ. «Կոնկրետ Երևանի թիվ 190 ավագ դպրոցի ահազանգի վերաբերյալ չի նշվել ոչ կոնկրետ քննական սենյակի համար, ոչ որևէ անուն: Ես խոսել եմ նաև Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ: Նա ինձ տեղեկացրել է, որ որևէ գրավոր բողոք չի ներկայացվել»,- նշել է Ա. Հարությունյանը` հավելելով,  քննությունների ընթացքը, նկատի ունենալով կոռուպցիայի հնարավոր ռիսկերը, վերահսկվում է նաև իրավապահ մարմինների կողմից: Նախարարը նշել է, որ այս տարի դիմորդների աննախադեպ ցածր թվով պայմանավորված, բուհերում մեծ քանակությամբ թափուր տեղեր են մնալու: Դիմորդների թիվը պայմանավորված է 12-ամյա կրթության համակարգի ներդրմամբ. այս տարի դպրոցն ավարտում են 12-ամյա դպրոցի առաջին շրջանավարտները ( 12 տարի առաջ, երբ համակարգը նոր էր ներդրվում նույն տարում ծնված երեխաները կիսվեցին): «Այս տարին բուհերի համար ճգնաժամային է, պետք է փորձենք իրավիճակից ելքեր գտնել, որը հեշտ չի լինելու: Վեց տարի շարունակ այս տարվա ճգնաժամային ընդունելությունը հետապնդելու է բուհերին, որովհետև քիչ թվով ուսանողների ընդունելությունն ազդելու է ձևավորված կուրսերի, խմբերի, դասախոսների դրույքների վրա»,- նշել է նախարարը: Անդրադառնալով Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից հրապարակված քննական շտեմարաններին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ կան դժգոհություններ. «Գիտելիքի ստուգման այս ձևը նվազեցնում է  կոռուպցիոն ռիսկերը, բայց միևնույն ժամանակ շտեմարանները թույլ չեն տալիս բացահայտել աշակերտների իրական հնարավորությունները, դրանք չեն զարգացնում դիմորդի քննադատական և վերլուծական մտածողությունը»,- նշել է նախարարը: Ինչ վերաբերում է ավագ դպրոցի կրթության որակին` նախարարը նշել է. «Ավագ դպրոցների բովանդակությունը պետք է փոխվի. իր հիմնական գործառույթն ավագ դպրոցը չի կատարում: Եթե ավագ դպրոցը բավարար որակ ապահովի, աշակերտը բուհ ընդունվելու համար կրկնուսույցի անհրաժեշտություն չի ունենա: Ավագ դպրոցի բովանդակային զարգացման խոչընդոտող տարբեր գործոններ կան. մասնավորապես, միջին մասնագիտական կրթության համակարգի թերի զարգացումը ևս բացասական է ազդում ավագ դպրոցի կայացմանը, մեթոդների և ծրագրերի թերի լինելը, հոսքերի ոչ հստակ տարանջատումը և այլն: Ամեն դեպքում այսօր ունենք մի վիճակ, երբ ծնողները դժգոհում են, որ 12-րդ դասարանում աշակերտները դպրոցում անելիք չունեն»,- նշել է նախարարը: Լրագրողի հարցին ի պատասխան` Արայիկ Հարությունյանը նշել է, որ քննարկվում  է «Արարատյան բակալավրիատ» գերազանցության ծրագրի հետագա գործունեության հարցը: Անդրադառնալով «ԵՊՀ ռեստարտ» ուսանողական նախաձեռնության` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմի լուծարման վերաբերյալ դիմումին, Արայիկ Հարությունյանը  նշել է, որ նախարարությունն ու կառավարությունը գործելու են բացառապես օրենքի շրջանակում. «Մենք պատասխանատու ենք միայն այն տեղերի համար, որոնք օրենքով հոգաբարձուների խորհրդի կազմում տրված են նախարարությանն ու կառավարությանը»,- նշել է նա և հավելել, որ շուտով համալսարանների խորհուրդների հետ կապված միասնական լուծումներ կլինեն: Նշենք, որ մարզերում և Երևանում տեղակայված  է 12 քննական կենտրոններում .հունիսի 12-ին «Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասնական քննության համար հայտագրվել է  2234 դիմորդ: Քննության ընթացքը սահմանված է 180 րոպե: Ավարտից մեկ ժամ անց հրապարկվում են քննական թեստերի պատասխանները, իսկ արդյունքները պարզ կլինեն 5 օր հետո: