Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժառանգություն». ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը պետք է հրապարակեն արխիվները

Քաղաքականություն
f802618f4d6b1480ffd395ac458fc3b4

«Ժառանգություն». ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը պետք է հրապարակեն նորանկախ Հայաստանի պատմության քաղաքական հետապնդումներին վերաբերող բոլոր արխիվները «Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է նորանշանակ մի շարք նախարարների գործելաոճը՝ ուղղված նախորդ իշխանությունների կողմից իրենց ոլորտում իրականացված ապօրինությունների ու յուրացումների բացահայտմանը եւ հանրությանը ներկայացնելուն: Սակայն նույնը առայժմ չի կարելի ասել Ոստիկանության եւ հատկապես Ազգային անվտանգության ծառայության մասին: Վերջերս Ոստիկանության եւ ԱԱԾ-ի՝ տնտեսական հանցագործություններին վերաբերող հնչեղ բացահայտումները եւ  դրանց ուղղությամբ հետաքննությունները հիմք են տալիս մտածելու, որ այս կառույցները կենտրոնացել են բացառապես տնտեսական ոլորտի վրա: Ավելին՝ սեփական կառույցների կողմից նախկինում կատարված աղաղակող ապօրինություններին վերաբերող, մասնավորապես՝ նախկին իշխող վարչախմբերի քաղաքական հակառակորդներին՝ ընդդիմությանը ապօրինի հետապնդումների ենթարկելու հանրահայտ եւ ոչ այնքան հայտնի փաստերի, իրենց համակարգերում ընդգրկված աշխատակազմերին հօգուտ այն ժամանակվա իշխանությունների ընտրակեղծարարության մասնակիցը դարձնելու, ընտրական հանձնաժողովների անկաշառ անդամներին վախեցնելու, հավաքագրելու վերաբերյալ փաստերի  ուղղությամբ բացահայտումներ եւ քննություն կարծես թե չեն պատրաստվում իրականացնել: Այն որ թե՛ ԱԱԾ-ն եւ թե՛ Ոստիկանությունը ներգրավված են եղել ընդդիմադիր գործիչների քաղաքական հետապնդումների մեջ, փորձել են գործակալներ ներդնել ընդդիմադիր կուսակցություններում, դրանց ղեկավար կազմերում, կամ հավաքագրել ընդդիմադիր ուժերի ղեկավար կազմերի ներկայացուիչներին՝ «Ժառանգություն» կուսակցությունը եւ շատ այլ ընդդիմադիր ուժեր տեղյակ են սեփական օրինակով: Դրա դրսեւորումներից էր, օրինակ, «Ժառանգության» վարչության անդամ Հրայր Մանուկյանին սպառնալիքներով հավաքագրելու տխրահռչակ եւ ձախողված փորձը, որը ավարտվեց այն իրականացրած ԱԱԾ աշխատակցի՝ Վլադիմիր Հակոբյանի տեղափոխմամբ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակի պաշտոնին, ինչը վառ վկայությունն էր այն բանի, թե որտեղից են իջեցվել այդ եւ նմանօրինակ ապօրինի այլ պատվերները:    Կոչ ենք անում Կառավարությանը եւ ՀՀ վարչապետին դրսեւորել քաղաքական կամք եւ իր անմիջական ենթակայության տակ գործող ԱԱԾ-ին եւ Ոստիկանությանը հանձնարարել լիարժեքորեն եւ ոչ թե հատվածաբար եւ ընտրովի կատարել իրենց ուղիղ պարտականությունները եւ լիազորությունները՝ երկրում օրինականության հաստատման եւ կատարված հանցագործությունների եւ ապօրինությունների վերաբերյալ իրենց ունեցած փաստերի հիման վրա քրեական գործեր հարուցելու եւ/կամ ներքին հետաքննություններ սկսելու ձեւով: Որպես դրա առաջին քայլ՝ կոչ ենք անում հրապարակել քաղաքական հետապնդումներին վերաբերող իրենց պահոցներում առկա բոլոր փաստերը: Խորհրդային տարիներին ԿԳԲ-ի եւ/կամ օտարերկրյա այլ հատուկ ծառայության հետ համագործակցած այսօրվա պետական պաշտոնյաների լյուստրացիայի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ Ժառանգությունը հանդես է եկել դեռ 2011թ.-ին: Մենք, այնուամենայնիվ, գիտակցում ենք, որ այս օրենսդրական նախաձեռնության վերարծարծման եւ ընդունման համար հնարավոր է ստիպված լինենք սպասել ժողովրդի կողմից լեգիտիմ, օրինական խորհրդարանի ձեւավորմանը: Սակայն ԱԱԾ-ի եւ Ոստիկանության համապատասխան արխիվների հրապարակումը եւ դրանց հետքերով հետաքննություններ սկսելը ընդամենը գործող իշխանության քաղաքական կամքի հարց է: Մենք նաեւ գտնում ենք, որ ո՛չ ազգային շահերը հետապնդող ԱԱԾ-ի եւ ոստիկանության եւ ո՛չ էլ առաջիկայում ազատ եւ հավասար մրցակցային պայմաններում ընտրություններ անցկացնելու մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ ոչ միայն պատժված չեն, այլեւ շարունակում են այդ կառույցներում պաշտոններ զբաղեցնել երեկվա ընտրակեղծարարներն ու քաղաքական հետապնդումներ իրականացրածները՝ վերից վար:  Շարունակելով մնալ Ժողովրդական հեղափոխության արդյունքում ձեւավորված ժամանակավոր կառավարության աջակիցը՝ «Ժառանգություն» կուսակցությունը հետեւողական է լինելու կարեւորագույն քաղաքական հիմնախնդիրների բարձրաձայնման գործում եւ մշտապես հորդորելու է իշխանություններին դրանց լուծման ուղղությամբ աներկբա եւ վճռական քայլեր ձեռնարկել:   «Ժառանգություն» կուսակցություն 11 հունիսի 2018թ.