ԱԺ-ն այս տարի մանկական միջոցառում չարեց

ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր շարունակվեցին 2017թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով անցած տարվա հիմնական ցուցանիշները, առանձնացրեց մի քանի փաստ: Նա մասնավորապես նշեց, որ էականորեն կրճատվել են գերատեսչություններում ծառայողական մեքենաների քանակը. «Ես էլ, օրինակ, կարող էի ծառայողական մեքենայով չգալ ԱԺ»:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, որին եւս այս հարցը հետաքրքրում էր, նշեց, որ, օրինակ մի փոխնախարար ունեինք, որը հեծանիվով էր գալիս աշխատանքի. «Սակայն վատ է, որ կրճատված ծառայողական մեքենաների քանակն այդքան քիչ է. հասարակությունը պետք է հասկանա, որ տեղում չենք դոփում, առաջ ենք քայլում»:

Ծառայողական 950 մեքենաների քանակը 902 է դարձել: «Քաղաքացիական անհնազանդության օրերին փողոց դուրս եկած հազարավոր մարդիկ քշեցին այն իշխանություններին, որոնք ծախսում էին երկրիս փողերը», արձագանքեց նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էմիլ Տարասյանն իրենց կատարողականը ներկայացնելիս նշեց, որ միայն պահպանման ծախսերի համար ծախսվել է 1 մլրդ 720 մլն դրամ. «Գործողությունների ծրագիր չենք ունեցել, հաստիքները կազմում են 155-ը, 81 հաստիքի հաշվին խնայումներ են եղել: 20 ծառայողական մեքենա օտարվել է, 97 մլն դրամ էլ գործուղումներից է խնայվել:             8990 անձ ՀՀ քաղաքացիություն է ստացել, իսկ 720 անձ մեդալ, իսկ 92 անձ մրցանակ է ստացել ՀՀ նախագահից»:

ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանն էլ նշեց, որ 99 տոկոսի չափով կատարվել են ծախսերը, եղել է 26 պատգամավորների ու օգնականների կրճատում, կրճատվել է նաեւ ԱԺ աշխատակազմ. «Ծառայողական մեքենաներից 81-ից 14-ը կրճատվել է, 7-ն էլ այս տարի ենք պլանավորում կրճատել»:

Պատգամավորները նրանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ այս տարի ԱԺ բաց դռների օր չեղավ՝ Երեխաների պաշտպանության օրվան նվիրված: Ի պատասխան Արա Սաղաթելյանն ասաց. «Տնտեսման ու նպատակահարմարություններից ելնելով չենք անում այդ միջոցառումը, թե չէ անձրեւի հետ կապված չէր դա: Որպես մանկավարժ՝ կարող եմ պնդել, որ 3-4 տարեկան երեխան այդքան էլ չի հասկանում՝ ինչ է ԱԺ-ն, իսկ ծախսերը, դրանք մեկ կամ երկու միլիոն չեն. այնպես չէ, որ մենք տնտեսում ենք մեր երեխաների վրա: Այս միջոցառումը ԱԺ առաջնային գործառույթը չէ»:

Արդեն նախորդ Կառավարության կատարողականը ներկայացրեց աշխատակազմի նորանշանակ ղելավար Էդուարդ Աղաջանյանը: Նրան հարցեր չեղան:

            ՍԴ աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ իրենց ֆինասնական հատկացումները մնացել են նույնը. «Միայն մի խնդիր ունենք՝ ՍԴ շենքը վերջին 20 տարվա ընթացքում հիմնային վերանորոգման չի ենթարկվել: Այդ պատճառով ստիպված պետք է եկող տարվա բյուջեում ներառենք այն վերանորոգելու ծախսերը»:

            Գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Նորայր Նավասարդյանն էլ նշեց, որ պահուստային ֆոնդից հատկացված 79 մլն դրամից 77 մլն-ն է ծախսվել, հիմնականում աշխատավարձերի, խրախուսումներ տալու եւ նաեւ՝ կենցաղային նյութեր ձեռքբերելու համար. «Պետք է ասեմ նաեւ, որ անցած տարվա ընթացքում 12 դատախազի եւ երկու պաշտոնյայի նկատմամբ կարգապահական տույժեր են կիրառվել»:

            Քննչական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Աշոտ Զալինյանն իր հերթին ավելացրեց, որ իրենց գերատեսչությունում 15 թափուր հաստիք կա. «Իսկ անցած տարվա ընթացքում  122 քրեական գործ է հարուցվել, 3152 գործ վերսկսվել է, 3144 գործ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ, 5136 գործ կարճվել է»:

            ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանն էլ նշեց, որ իրենց կատարողականը կազմել է 621 մլն դրամ կամ 99,4 տոկոս. «Տնտեսված գումարը բյուջե է վերադարձվել: Մեզ հատկացված գումարի 552 մլն դրամ կազմել է աշխատավարձը, ապրանքների ձեռքբերման համար ծախսվել է 69 մլն դրամ: Քննվել է 827 քրեական գործ՝ նախորդ տարվա 750-ի փոխարեն: 417 քրեական գործ ավարտվել է, 106-ը՝ անավարտ է մնացել, 13 գործով մեղադրական եզրակացությամբ գործերի քանակն ավելացել է եւ ուղարկվել դատարան: 209 գործ կարճվել է»: