Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանների վրա մեծ ճնշում կա Վճռաբեկ դատարանի կողմից. փաստաբան (տեսանյութ)

Հասարակություն
arayik-papikyan

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը աննորմալ երևույթ է համարում այն, որ ոստիկանական պաշտոնյան չի ենթարկվում դատարանի որոշմանը և բանտարկյալներին չի բերում նիստերի դահլիճ: «Ոստիկանական պաշտոնյան ասում է՝ տեղեկություններ ունենք, որ մարդիկ փողոց պետք է փակեն, դրա համար չենք բերում դատարան, սա նորմալ չէ, երբ դատարանի որոշումը չեն կատարում, բոլորը պետք է ենթարկվեն դատարանի որոշմանը՝ վարչապետը, ոստիկանապետը և բոլորը»,-նշեց Տիգրան Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ փաստաբանի՝ ոստիկանները անհեթեթ պատճառներ են բերում, նաև ավելացնում է, որ ամենայն հավանականությամբ դատարանների վրա մեծ ճնշում կա Վճռաբեկ դատարանի կողմից: «Ուզում եմ ԱԱԾ ուշադրությունը հրավիրել Վճռաբեկ դատարանի վրա, դատավորների վրա այս դատարանից ճնշում է լինում, դատավորները բոլոր գործերով նույն դիրքորոշումն են ընդունում: Կարելի է նայել Վճռաբեկ դատարանի դատավորների ունեցվածքը, նրանց դղյակների գները կեղծված են ներկայացված»,- ասաց Տիգրան Հայրապետյանը: Փաստաբան Արայիկ Պապիկյանը ևս ավելացնում է, որ դատավորները իներցիայով չեն կարողանում արդար որոշումներ կայացնել: «40 օր է ունենք «անսերժ» Հայաստան, բայց ունենք տասնյակից ավել քաղբանտարկյալներ: Հեղափոխության կանոնն է, որ անմիջապես ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները: Բայց մենք հասկանում ենք, որ 21-րդ դարում ենք ապրում, ամեն բան պետք է լինի օրենքով սահմանված կարգով: Այս քառասուն օրերի ընթացքում մի քանի լուծումներ են տրվել օրինականության դաշտում: Երեկ տեսանք, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը խափանման միջոցը փոխեց՝ «Սանա Ծռերի» աջակիցների գործով: Սակայն այս տեմպը շատ դանդաղ է: Այսպես ժողովրդի մեջ լարվածությունը չի դադարելու: Դատավոր Արտուշ Գաբրիելյանի քայլը ցույց տվեց, որ մինչև հեղափոխությունը այդ դատավորը արդարադատության նայում էր այլ ակնոցներով, հեղափոխությունից հետո այլ ակնոցներով: Սա ապացուցում է, որ նա քաղաքական պատվեր էր կատարում»,- ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը: Փաստաբանը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, երբ ասում է, որ Բաղրամյան 26-ից չպետք է զանգեր լինեն, սակայն դատավորները չեն կարողանում ձերբազատվել և անկախ դատավարություն իրականացնել: «Դատավորները վստահաբար գիտեն, որ իրենց նկատմամբ քաղաքական հալածանքներ չեն լինելու, բայց շարունակում են նախկին ոճը»,- ավելացրեց Արայիկ Պապիկյանը: Ըստ փաստաբանի՝ ճիշտ կլինի քաղբանտարկյալների գործով դատավորներին փոխել, որպեսզի նրանք ավելի ազատ գործեն։