Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ ՄԶԳ-ն և Հայաստանի Հաշվեքննիչ պալատը կհամագործակցեն

Քաղաքականություն
amn

 Ս.թ. մայիսի 30-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին:  Համագործակցությունը միտված է հզորացնելու հաշվեքննիչ պալատի հաշվեքննության գործառույթը և օժանդակելու վերջինիս բարեփոխումներին՝ համաձայն 2018թ. հունվարին ընդունված «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի:   Նոր օրենքով ամրապնդվում է հաշվեքննիչ պալատի անկախությունը և նրանից պահանջվում է Աուդիտի գերագույն հաստատությունների միջազգային ստանդարտներին (ISSAI) համապատասխան որակապես նոր արտաքին պետական հաշվեքննություն: Օրենքը նաև պահանջում է հաշվեքննիչ պալատի գործունեության թափանցիկության, հաշվետվողականության և հանրայնության բարելավում՝ ընդգծելով որակի վերահսկման նոր մեխանիզմները և պալատի աշխատակազմի կարողությունների բարելավման անհրաժեշտությունը:   ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերը նշեց ստորագրման արարողության ժամանակ, որ ԱՄՆ ՄԶԳ-ն հպարտ է սատարել հաշվեքննիչ պալատի ներկայիս բարեփոխումներին: «ԱՄՆ կառավարությունը գտնում է, որ ամուր և անկախ հաշվեքննիչ պալատը կարող է առանցքային դերակատարում ունենալ պետական հաստատությունների նկատմամբ Հայաստանի քաղաքացիների վստահության ձևավորման գործում և ապահովել հանրային ռեսուրսների կիրառում` կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, ծախսարդյունավետության և արդյունքների հասնելու ուղղությամբ»,- ասել է նա:   Ի սատարում այս նպատակների ԱՄՆ ՄԶԳ-ն կաշխատի ՀՀ հաշվեքննիչ պալատի հետ՝ վերջինիս վերապատրաստման դասընթացների և աշխատակազմի կարողությունների զարգացման ասպարեզում: ԱՄՆ ՄԶԳ-ն նաև հնարավորություններ կդիտարկի՝ աջակցելու հաշվեքննիչ պալատին իր ՏՏ ենթակառուցվածքի արդիականացման հարցում՝ դրանք նոր օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Կողմերը նաև կդիտարկեն ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող միջկառավարական (G2G) ծրագրերի գործունեության հետագա ֆինանսական հաշվեքննության անցկացման հնարավորությունը հաշվեքննիչ պալատի կողմից: ԱՄՆ ՄԶԳ օժանդակությունը պալատին կհամալրի Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) կողմից իրականացվող «Հարավային Կովկասում հանրային ֆինանսական կառավարում» ծրագրի ջանքերը: