Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղբանտարկյալները պետք է մասնակցեն ԱԺ արտահերթ ընտրություններին» (տեսանյութ)

Քաղաքականություն
IMG_20180528_130238

Ամենամեծ ձեռքբերումը՝ վայելել առաջին հանրապետության անկախության 100-ամյակն առանց ռեժիմի, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը։

«Առաջնորդների մի մասը Հայաստանի հետ կապ չունեին, նրանցից շատերը մեր հողն ու ջուրը չէին զգացել։  Երբ տեղափոխվում ենք մեր ժամանակներ, ապա պարզ է, որ այն մարդիկ, ովքեր  Հայաստանից հեռու են ապրել, էլի Հայաստանի հետ կապ չունեն: Խոսքս այս դեպքում Կարեն Կարապետյանի մասին է»։

Երբ ազգը հույսը դնում է իր վրա, ապա արդյունքի է հասնում։ Մեր քաղաքական էլիտան շատ դեպքերում արժանի չի եղել մեր քաղաքացիներին, ասում է Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։

«Մեր օրերում հեղափոխությունը հեշտ չի տրվել, մարդիկ զրկանքներ են կրել, պայքարել։ Եվ եթե ուզում ենք հեղափոխությունն իր նպատակին հասնի, ապա ռեժիմի դեմ պայքարող  քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն»։

100-ամյակը մենք նշում ենք շատ սիմվոլիկ եւ ձեւական, ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

«Հայաստանում չկա լուրջ ուսումնասիրված պատմագրություն։ Մենք հին պարզունակ միֆերի ենք հավատում։ Մեր վերնախավի 90 տոկոսը չգիտի վերջին 100 տարվա Հայաստանի պատմությունը»։

«Մենք չունեինք պետական մտածողություն եւ մենք դարձանք մանրադրամ գերտերությունների ձեռքում»,-ասաց քաղաքագետը։

«Այն ժամանակվա վերնախավը ռոմանտիկ էր եւ պարզունակ։ Այս խնդիրների գիտակցումը այսօր Հայաստանում եւս չկա»։ 

Անդրադառնալով քաղբանտարկյալների հարցին՝ Երվանդ Բոզոյանը նշեց. «Նրանց ազատ արձակումն անհրաժեշտություն է։ Նրանք պետք է դուրս գան եւ մասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին»։