Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամբիստները սոցիալական բարդ վիճակում են գտնվում. Միքայել Հայրապետյան (տեսանյութ)

Սպորտ
sport-sambo-1

Հայաստանի սամբոյի նորանշանակ նախագահ Միքայել Հայրապետյանն ավելի մեծ սպասելիքներ ուներ վերջերս Աթենքում կայացած Եվրոպայի առաջնությունից: «Մենք ներուժ ունեինք ոսկե մեդալներ նվաճելու համար, սակայն մրցումներից առաջ մեր առաջատար սամբիստները՝ Մաքսիմ Մանուկյանը եւ Արսեն Խանջյանը վնասվածքներ ստացան եւ ստիպված էին բաց թողնել առաջնությունը: Բացի այդ մեր մարզիկների վրա հոգեբանորեն ազդեց նաեւ ֆեդերացիայի նախկին նախագահ Լեւոն Հայրապետյանի մահազդը: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց ոսկե մեդալ բերել Եվրոպայի առաջնությունից, ինչը շատ կարեւոր էր», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում ասաց սամբոյի նոր պատասխանատուն: Խոսելով առաջիկա պլանների մասին, Միքայել Հայրապետյանն ասաց, որ այս տարի սամբիստներին սպասում են եւս երկու կարեւոր ստուգատեսներ: Հոկտեմբերի 11-15-ին Թբիլիսիում կկայանա սամբոյի աշխարհի երիտասարդների առաջնությունը, իսկ նոյեմբերի 8-12-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կհավաքվեն աշխարհի ուժեղագույն սամբիստները: «Պետական ֆինանսավորումը, ավաղ, մեզ թույլ է տալիս սահմանափակ թվով մասնակցիներ ունենալ աշխարհի առաջնություններում, չնայած մենք ավելի շատ պատրաստված մարզիկներ ունենք: Շնորհակալ ենք մեր քաղաքապետարաններին, մարզպետարաններին, որոնք անհրաժեշտության դեպքում հոգում են մեր մարզիկների ծախսերը: Հույս ունենք, որ կստեղծենք նոր ֆինանսական միջոցներ եւ ավելի մեծ թիմով կներկայանանք այդ մրցումներին», - նշեց Միքայել Հայրապետյանը: Ֆեդերացիայի նախագահին զարմացնում է միայն այն փաստը, որը օլիմպիական մարզաձեւերն ավելի մեծ աջակցություն են ստանում պետությունից, քան ոչ օլիմպիականները, ինչպիսին է նաեւ սամբոն: Դրա արդյունքում սամբիստները, ի տարբերություն այլ մարզաձեւերի ներկայացուցիչների, ավելի բարդ սոցիալական վիճակում են գտնվում: «Կարծում եմ, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնները պետք է հավասար հնարավորություններ ստանան եւ Հայաստանի տարածքում ապրեն արժանավայել, մարզվեն նորմալ պայմաններում եւ նորանոր ոսկե պարգեւներ բերեն մեր հանրապետությանը», - եզրափակեց Միքայել Հայրապետյանը: Ի դեպ, ասուլիսին ներկա գտնվող աշխարհի եւ Եվրոպայի սամբոյի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը արդեն երկու տարի է չի կարողանում վերանորոգել Վանաձորի քաղաքապետարանի կողմից իրեն հատկացված բնակարանը, քանի որ դեռեւս չի ստացել քաղաքի ղեկավարության կողմից խոստացված 5 մլն դրամ օգնությունը: Նա շարունակում է ապրել իր ծնողների, եղբոր եւ հորեղբոր ընտանիքների հետ: