Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ասուլիսը (տեսանյութ)

Քաղաքականություն
TARON

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մոտեցավ  քաղաքապետարանի դիմաց հավաքված ցուցարարներին: Այդ պահին  մնացել էին միայն  Մարգարյանի աջակիցները:  «Իմ շա՛տ սիրելի համաքաղաքացիներ, շնորհակալ եմ, որ եկել եք, այստեղ եք, շնորհակալ եմ, որ միշտ եղել եք մեր կողքին՝ հավատալով մեր աշխատանքին: Ձեր խոսքը լսեցինք ու միշտ լսել ենք, խնդրում եմ՝ միացե՛ք ձեր ընտանիքներին, ձեզ լավ օր եմ մաղթում: Շնորհակալ եմ, որ եկել ու պաշտպանում եք ձեր քաղաքապետին, մենք միասին կառուցելու ենք մեր Երևան քաղաքը»,- ասաց Մարգարյանը: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու քաղաքապետը չէր իջնում ներքև, երբ իր հրաժարականը պահանջող ցուցարարներն էին հանդիպում պահանջում, քաղաքապետը պատասխանեց, թե աշխատանքային այցով այլ վարչական շրջանում էր գտնվում: «Երբ լսեցի, որ բողոքի ակցիա կա, փորձեցի արագ ավարտել ու միանալ մեր քաղաքացիներին՝ լսելու նրանց դժգոհությունը»,- ասաց Մարգարյանը:  Քաղաքապետը, խոսելով իր  հրաժարականը պահանջող քաղաքացիների գործողությունների մասին, շեշտեց, որ ինքը դատապարտում է կատարվածը: «Հստակ երևում է, որ օրենքի խախտում է եղել, ակտիվիստները ներխուժել են քաղաքապետարան՝ փորձելով խանգարել քաղաքապետարանի բնականոն աշխատանքը: Կոչ եմ անում իրավապահ մարմիններին զբաղվել այս հարցով: Տեղական ինքնակառավարման մարմինն անկախ է, մենք մեր աշխատանքներն ենք իրականացնում ու նման անօրինականություն չենք հանդուրժի: Իրավապահ մարմինները պետք է այս հարցը քննության տակ առնեն»,- ընդգծեց քաղաքապետը: Տարոն Մարգարյանն անդրադարձավ նաև Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետևում գտնվող այգու բարեկարգման հետ կապված դժգոհություններին: Նա հիշեցրեց, որ այգին 10 տարի է, ինչ վարձակալությամբ էր տրված, և շնորհակալություն հայտնեց վարձակալին տարածքը քաղաքապետարանին վերադարձնելու համար: Նրա խոսքով՝ այգին «Վարդանյան ընտանիք» հիմնադրամի կողմից նվեր է Երևանի 2800 -ամյակի կապակցությամբ: «Այգում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ, աշխատանքներն իրականացվում են արդեն մի քանի ամիս: Խնդրել եմ Վարդանյան ընտանիքին լրատվամիջոցներով ներկայացնել ամբողջ ծրագիրը: Վստահեցնում եմ՝ այգին առևտրային, սրճարանային տարածքի չի հատկացվելու, պատկանելու է Երևան քաղաքին: Ծառերի հատում եղել է, բայց եղել է մասնագիտական եզրակացություններով, կանաչ տարածքն ավելանալու է»,- ընդգծեց Տարոն Մարգարյանը: Ինչ վերաբերում է իր հրաժարականի պահանջին, քաղաքապետն ասաց, թե աշխարհում ընդունված չէ, որ երբ մի քաղաքական ուժ գալիս է իշխանության, ապա ՏԻՄ մարմինը փոխվի: