Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտահերթ ընտրություններին քաղաքացիների 75%-ը իր ձայնը կտա «Ելք» դաշինքին. Gallup

Քաղաքականություն
velvetR

Gallup International Assocation-ի անդամ հանդիսացող Էմ Փի Ջի ՍՊԸ-ն հետազոտություն է կատարել   «Թավշյա հեղափոխության թվային արտացոլանքը» թեմայով, որի նպատակն է եղել պարզել հայաստանցիների վերաբերմունքը Հայաստանում տեղի ունեցած դեպքերի և  դրանց հաջորդող իրադարձությունների վերաբերյալ: «Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն. Երևանում` 33%, մարզերում` 67%: Հարցումները կատարվել են հեռախոսազանգերի միջոցով՝ մայիսի 4-9-ը ընկած ժամանակահատվածում»,-ասում է  Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը: Ըստ նրա՝ հետազոտության ընթացքում հարցվածները պատասխանել են մի քանի հարցերի, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են հետևել մարդիկ հեղափոխության ընթացքին, որ աղբյուրներին են ավելի շատ վստահում, ինչպես են գնահատում ցույցերի ընթացքում ցուցարարների և քաղաքական ուժերի գործողությունները և թե ինչպես կքվեարկեին, եթե ընտրությունները կայանային հաջորդ կիրակի:  Էմ Փի Ջի -ի հարցվածների 89,6%-ը լիովին դրական է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած  «Իմ քայլը» շարժմանը, ընդհանուր դրական պատասխանները կազմել են 99,1%: Հետազոտության արդյունքներով հարցվածների 69,8%-ը շարժմանը հետևել է հեռուստատեսությամբ, 65,5%-ը Ֆեյսբուքով, 65,3%-ը էլեկտրոնային ԶԼՄ-ներով, 15,3%-ը ռադիոյով իսկ 18%-ը անձամբ է մասնակցել ցույցերին: Կազմակերպությունը նաև հարցում է կատարել իմանալու համար, թե ինֆորմացիայի ստացման  որ աղբյուրն է համարվում ամենավստահելին։ Հարցվողները գնահատել են դրանք 1-5 բալային սանդղակով: Գնահատման արդյունքում Էլեկտրոնային ԶԼՄ-ները և սոց.ցանցերը ամենավստահելին են՝ 4.0 հետո ռադիոն՝3.7, ամենաքիչ վստահելին հեռուստատեսություններն են՝ 2.9: Ցուցարարների փողոցներ, խաչմերուկներ փակելուն և տրասնպորտի շարժը սահմանափակելուն  հարցվածների 87,1%-ը դրական է վերաբերվել, 76,1%-ը ցուցարաների վարքը գնահատել է որպես լիովին դրական,իսկ ընդհանուր դրական պատասխանները 98,3% է: Կազմակերպությունը նաև հարցումներ է կատարել Նիկոլ Փաշինյանի անձի վերաբերյալ, «Ի՞նչպես եք գնահատում Նիկոլ Փաշինյանի նոր իմիջը (մորուքով, գլխարկով և ուսապարկով)», հարցվածների 61,1%-ը պատասխանել է, որ լիովին դրական է վերաբերվում, 0,9%-ը բացասական է վերաբերվում Փաշինյանի նոր իմիջին, իսկ ընդհանուր դրական պատասխանները կազմել են 90,8%: Հարցվածների 85,7%-ը համոզված է, որ այս շարժումը զուտ հայկական է և որևէ արտաքին ուժի հետ կապ չունի։ Քաղաքացիների 2,1%-ը կարծում է, որ շարժումը կազմակերպված է ԱՄՆ-ի կողմից, 1,1%-ը, որ սա Եվրամիության ձեռքի գործն է, իսկ 1,2%-ը կասկածում է Ռուսաստանի ներգրավվածությանը, 9,6%-ը դժվարացել է պատասխանել հարցին: Հարցման մասնակիցների 48,3%-ը համոզված է, որ հեղափոխությունից հետո Հայաստանը չի ձգտի դեպի մեկ ազդեցության կենտրոն, այլ կվարի հակասարակշիռ քաղաքականություն, 17,8%-ը կարծում է, որ Հայաստանը ավելի կսերտացնի հարաբերությունները ՌԴ-ի, 11,4%-ը ԵՄ-ի հետ, 6,3%-ը կարծում է, որ ՀՀ արտաքին կուրսը կփոխվի դեպի ԱՄՆ: Արտահերթ ընտրությունների անցկացմանը դրական է վերաբերվում հարցվածների 90,7%-ը, իսկ «Եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանան հաջորդ կիրակի, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք» հարցին հարցվածների 75,0%-ը պատասխանել է, որ իր ձայնը կտա «Ելք» դաշինքին, 5,3%-ը «Ծառուկյան» դաշինքին, 3,8%-ը ՀՀԿ-ին, 1,9%-ը ՀՅԴ-ին իսկ 9,1%-ը դժվարացել է պատասխանել: Հարցվածների 64,9%-ը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի հաջողության գրավականը ժողովրդի համբերության բաժակի սպառվելն էր, 40,2%-ը կարծում է, որ շարժումը հաջողություն ունեցավ երիտասարդների շնորհիվ, իսկ 38,8%-ը պատասխանել է, որ հաջողության գրավականը  սոցիալական ծանր վիճակն է եղել: «Իմ քայլը» շարժման ժամանակ ՀՀԿ-ի դրսևորած գործելաոճը հարցվածների 58,7%-ը գնահատել է որպես լիովին բացասական, այլ ընդդիմադիրների արձագանքն ու վերաբերմունքը շարժմանը դրական է գնահատել 38,1%-ը, բացասական՝15,9%-ը։