Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիներն այլևս հրաժարվում են գնալ աշխատանքի (տեսանյութ)

Հասարակություն
nairit-1-331x265-1

«Նաիրիտի» աշխատակիցները դարձյալ դուրս են եկել բողոքի ցույցերի: Գործարանի դիմաց հավաքված շուրջ 40 աշխատակիցներ պահանջում էին, որպեսզի հստակեցվի իրենց աշխատանքային կարգավիճակը և վճարեն աշխատավարձերը: Տարեվերջին ավարտվել էր «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքված  ծառայությունների մատուցման պայմանագիրը, որից հետո կատարվել էր վերջնահաշվարկ, իսկ նոր պայմանագիր չէր կնքվել: Սակայն «Նաիրիտի» աշխատակիցները շարունակել են բարեխիղճ գնալ աշխատանքի, քանի որ գործարանում շարունակում են մնալ հրավտանգ նյութեր և դրանց հանդեպ վերահսկողություն չսահմանելը կարող է վտանգավոր հետևանքների առաջ կանգնեցնել: Նաիրիտցիներն այժմ չգիտեն, թե ով է վճարելու հունվար ամսից մինչ այժմ ընկած ժամանակահատվածի գումարը, քանի որ ոչ մեկի հետ չունեն աշխատանքային պայմանագիր: «Նաիրիտ» գործարանի սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը հավաքվածներին հորդորեց փոքր խմբով հանդիպել փաստաբանի հետ, որպեսզի խնդիրները փորձեն լուծել իրավական հարթակում: Աշխատակիցները համաձայնեցին հանդիպել փաստաբանի հետ, սակայն միաժամանակ պատրաստվում են երկուշաբթի օրվանից չգնալ աշխատանքի, իսկ մայիսի 16-ին պատրաստվում են գնալ վարչապետի նստավայր՝ Նիկոլ Փաշինյանին հանդիպելու ակնկալիքով: