Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաթարից և Չինաստանից ժամանած գործարարները խոսել են ՀՀ ատոմակայանի վերազինման մասին (տեսանյութ)

Տնտեսություն
07.05.2018-2

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Աշոտ Մանուկյանն  ընդունել է Քաթարից և Չինաստանից ժամանած գործարարներ  «Redco International W.L.L.» ընկերության գլխավոր  գործադիր տնօրեն  Սաիֆ-Ուր-Ռեհման Խանին  և  «PowerChina»  միջազգային խմբի նախագահ Սոն Դոնշենին: Աշոտ Մանուկյանը կարևորել է  գործարարների այցը Հայաստան՝ ընդգծելով, որ չինական ընկերությունների հետ արդեն իսկ առկա է արդյունավետ փոխգործակցություն։ Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է մինչև 2036թ. Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման ռազմավարությունը և համագործակցության զարգացման համատեքստում անդրադարձել, մասնավորապես, վերականգնվող  էներգետիկայի բնագավառում ներդրումային գրավչություն ունեցող նախագծերին։ Ընդգծելով, որ այդ նախագծերի առաջնային նպատակն արտահանման նպատակով  էլեկտրաէներգիայի արտադրական հզորությունների ավելացումն է՝ Աշոտ Մանուկյանը մանրամասներ է ներկայացրել «Երևանի ՋէԿ»-ի 2 էներգաբլոկի,   «Շնող», «Մեղրի»   հիդրոէլեկտրակայանների,    «Լոռի-Բերդ»  ՀԷԿ-երի համալիրի կառուցման ծրագրերի վերաբերյալ։   Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սոն Դոնշենին Աշոտ Մանուկյանին ներկայացրել է իր ղեկավարած ընկերության գործունեությունը,  խոսել ընկերության առաջնահերթությունների մասին, ինչպես նաև քննարկել Հայաստանի հետ  էներգետիկայի  բնագավառում համագործակցության հնարավորությունները:   Նա ընդգծել է, որ աշխարհի ավելի քան 100 երկրում «PowerChina»  ընկերությունը գործունեություն է  ծավալում  նաև էներգետիկայի  ոլորտում, մասնավորապես՝  մասնագիտացած է հիդրոկայանների,  արևային և ջերմային կայանների   կառուցման գործում: Ս. Դոնշենին նշել է, որ շահագրգռված են ՀՀ էներգետիկ ոլորտում համագործակցությամբ՝ հաշվի առնելով երկրի ճկուն ներդրումային միջավայրը:  Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանի ատոմային էլեկտրակայանի վերազինման և արդիականացման արդյունքում արտադրական կարողությունների զարգացման հեռանկարների շուրջ։   Խոսելով տարածաշրջանային ինտեգրման շրջանակում էլեկտրաէներգետիկական համակարգում նախատեսվող նախագծերի մասին՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ընթացքի մեջ է Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, և ակնկալվում է, որ դրա շնորհիվ զգալիորեն կավելանա Հայաստանից դեպի Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալը։ Աշոտ Մանուկյանը կարևորել է նաև Հայաստան-Վրաստան նոր էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի կառուցումը, որի համակցումը  Հայաստան-Իրան բարձրավոլտ գծին հնարավորություն կտա Հայաստանը դարձնել էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր Իրանի և Վրաստանի, ապա նաև Ռուսաստանի միջև։ Գործարարները շնորհակալություն  են հայտնել նախարարի պաշտոնակատարին՝ ոլորտի զարգացման առաջնահերթությունները հանգամանալի ներկայացնելու համար և համագործակցության  պատրաստակամություն հայտնել:   ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և  հասարակայնության հետ  կապերի բաժին