Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դրսում կանգնելու համար  բարդել են երկու եւ ավելի անձանց սպանություն» (տեսանյութ)

Հասարակություն
artur-2

Արդեն 21 տարի անազատության մեջ գտնվող Արթուր Կիրակոսյանն անմեղ է,- ասում է պաշտպանը։ «Այս 21 տարիների ընթացքում մոտ 10  վճռաբեկ բողոք եմ ներկայացրել, տարին մեկ, երկու տարին մեկ վճռաբեկ բողոք եմ տարել:  5 հատորների ցուցմունքների վրա բառացի հենվելով ապացուցել եմ, որ նա ոչ միայն չի սպանել երկու եւ ավելի անձանց,   այլ ընդհակառակը նրա հետ մասնակցող անձը, որը եղել է ռեցիդիվիստ,  ցուցմունք է տվել, որ ինքը մտել է տուն եւ սպանել ամուսիններից մեկին»,- «Ա1+»-ին ասաց  փաստաբան Ռուզաննա Տեր-Վարդանյանը: Դեպքը տեղի է ունեցել 1997 թ, երբ սպանվել են    ազգությամբ եզդի ամուսիններ:  «Երկրորդ անձին սպանելը նույնպես ապացույց չունի,  քանի որ գործով մյուս մեղադրյալը խոստովանել է, որ ինքն է սպանել: Անմեղ մարդը  դրսում սպասել է: Ռեցիդիվիստը նրան ասել է դրսում կանգնի ես կմտնեմ ներս կգողանամ ոսկեղենը : Դրսում կանգնելու համար նրա վրա բարդել են երկու եւ ավելի անձանց սպանություն»,- ավելացնում է պաշտպանը:  Իր հանցանքի համար, ըստ պաշտպանի, Արթուր Կիրակոսյանը  ընդամենը 2 կամ 3 տարվա ազատազրկում պետք է ստանար:     Ցմահ ազատազրկման դատապարտվելուց հետո, Արթուր Կիրակոսյանի տան անդամները  մահացել են: Պաշտպանի բերված վճռաբեկ բողոքները մերժվում են՝ նշելով, որ հիմք չկա վերանայելու: Հայաստանում ցմահների գործերի վրա տաբու է դրված: Նշում է  իրավապաշտպան Ռոբերտ Ռեւազյանը.  «Չեն ուզում ուղղակի պատասխանատվություն վերցնել իրենց վրա, վերաբացելը նշանակում է նոր գործի քննություն, հնարավոր նոր անձանց հայտնաբերում, սխալ դատավճռի հետեւանքով նաեւ նոր մոտեցում պետք է լինի»:   Նա հիշում է՝ բազմաթիվ են եղել փորձերը նոր երեւան եկած ապացույցների հիմքով գործերը վերաբացելու համար, բայց որեւէ մեկով վարույթ չի նախաձեռնվել.«Պետք է կամք եւ սկզբունքայնություն այդ հարցերը վերանայելու համար»:    Ցմահ ազատազրկվածների դեպքում չի գործում նաեւ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը: 97 ցմահ ազատազրկման դատապարտված անձանցից  30-ն  արդեն  հատել են   20 տարվա շեմը եւ ըստ օրենքի կարող են ազատ արձակվել: Բայց նախադեպ դեռ չկա։