Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավազակային հարձակում Երևանի Կոմիտաս փողոցում գտնվող HSBC բանկի վրա. կա 2 զոհ (տեսանյութ)

Հասարակություն
MHM0121791

Մայիսի 3-ին, ժամը 14-ն անց 25-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «HSBC» բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղում ավազակային հարձակում է կատարվել: Մի տղամարդ դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ պարզել են, որ նախնական տվյալներով՝ տղամարդը ներս մտնելուց հետո հրացանով կրակել է առաստաղին ու փող պահանջել։  Բանկի անվտանգության աշխատակիցները փորձել են վնասազերծել տղամարդուն։ Այդ ընթացքում հարձակվողը մարմնական վնասվածքներ է հասցրել նրանց։ Անվտանգության աշխատակիցներից մեկը մահացել է։  Այնուհետև ավազակային հարձակում կատարած անձը գումար է հափշտակել ու դիմել փախուստի:  Սակայն հեռու փախչել չի հաջողվել: Արաբկիրում ծառայություն իրականացնող պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանները արագ հասել են դեպքի վայր ու հետապնդել փախչողին։ Այդ ընթացքում ավազակային հարձակում կատարած անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ։ Նրանցից մեկը հրազենային վիրավորում է ստացել։ Մյուսը շարունակել է հենտապնդել։ Նրան են միացել դեպքի վայր հասած ոստիկանության այլ ստորաբաժանումների օպերատիվ խմբերը, որոնք քաղաքացիների օգնությամբ բռնել են ավազակային հարձակում կատարած տղամարդուն ու վնասազերծել։  Իրավապահների պրոֆեսիոնալ ու հմուտ գործողությունների շնորհիվ արագորեն վնասազերծված տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Պարզվել է, որ հանցագործություն կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է: Ոստիկանության համակարգում է 1992 թվականից։ Հրազենը, նռնակը, դանակն ու հափշտակված գումարը, որի չափը ճշտվում է, փաթեթավորվել են՝ փորձաքննությունների համար։ Բանկում հայտնաբերված կրակված պակուճը, փողոցում հայտնաբերված հրացանի փամփուշտի կոտորակը ևս փաթեթավորվել են՝ փորձաքննությունների համար։  Հրազենային վիրավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված պարեկային ոստիկանը, չնայած բժիշկների մեծ ջանքերին, վիրահատության ժամանակ մահացավ՝ այդպես էլ գիտակցության չգալով։ Զինված ավազակային հարձակում կատարած անձի կրակոցից ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ավագ ենթասպա Արա Շախգուլյանն այս տարի կդառնար 45 տարեկան։ Համակարգում էր 2000 թվականից, ապրում էր Կոտայքի մարզի Ակունք գյուղում, երկու որդիների հայր էր։  Բժիշկները պայքարում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված բանկի անվտանգության աշխատակցի կյանքը փրկելու համար։  Ցավակցում ենք ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր գործընկերոջ, նաև անվտանգության աշխատակցի ընտանիքներին, կիսում ենք հարազատների խոր վիշտը: ՀՀ Ոստիկանություն