Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ միացում Երևանից/ թարմացվող (տեսանյութ)

Քաղաքականություն
kraz

17.30  Արդեն կես ժամ է բացվել են մայրաքաղաքի և մարզերի փողոցներն ու ճանապարհները, որոնք ցուցարարները փակել էին, ի նշան բողոքի, երեկ մայիսի 1-ին Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավորների կողմից վարչապետի  ժողովրդական թեկնածու Նիկոլ Փաշինյանին չընտրելու պատճառով: Այժմ բոլոր վայրերից ակցիայի մասնակիցները շտապում են Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը յոթին տեղի կունենա հերթական հանրահավաքը:Նիկոլ Փաշինյանը ֆբ-ով ասել է, որ այսօր շատ կարևոր հայտարարություններ են հնչելու: 16.30 Եվ Հանրապետության հրապարակում և Բաղրամյան   պողոտայում և ԱԺ-ի դիմաց, բեռնատար մեքենաներ են երթևեկում՝ թափքերում քաղաքացիական  անհնազանդություն  իրականացնող  քաղաքացիներ: Նրանք  վանկարկելով շարժման կարգախոսները, պահանջում են ՀՀԿ-ական պատգամավորներից՝ վայր դնել մանդատները: Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ֆբ-ով,  հիշեցման կարգով հայտարարեց, որ ժամը հինգին բացեն բոլոր փողոցներն ու ճանապարհները, որպեսզի մարդիկ առանց խոչնդոտների հասնեն Հանրապետության հրապարակ: 14.30 Փաստաբանների մի խումբ պարզելու համար, թե Արդարադատության նախարարության մուտքի մոտ արդարություն գործում է, թե ոչ, ակցիա է կատարել:  Փաստաբանները ցանկացել են մուտք գործել Արդարադատության նախարարություն, սակայն նրանց թույլ չեն տվել: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ ակցիա են կազմակերպել՝ պարզելու, թե Արդարադատության նախարարության մուտքի մոտ գործո՞ւմ է արդարադատություն, թե ոչ: «Ոստիկանության գործողությունները՝ արդարադատության նախարարության մուտքը փակելուն ուղղված, ոչ օրինաչափ են»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը: Արդարադատության նախարարությունից դուրս եկավ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը և նշեց, թե տեղյակ է, որ առավոտյան մուտքը փակվել էր և աշխատողների ազատ տեղաշարժը խափանվել էր: «Արձանագրություն կազմողը Արդարադատության նախարարությունը չէ, և մենք չենք արձանագրել, թե ոստիկանությունը ինչ գործողություններ է կատարել, և դրա իրավաչափության հետ կապված մենք չէ, որ պետք է պատասխան տանք: Դուք կարող եք ոստիկանության ղեկավարությանը դիմել, եթե գտնում եք, որ ոստիկանության ծառայողների գործողություններում գեթ մեկ խախտում տեղի է ունեցել»,-ասաց նա փաստաբաններին: 13:30 Հայկական սերիալներից մեկում նկարահանվող  դերասանների մի խումբ այսօր գործադուլ են  հայտարարել և իրենց բողոքի ակցիա են անցկացրել Մշակույթի նախարարության շենքի մոտ: Նրանք ասացին, որ նկարահանումները առժամանակ կասեցվել են: Դերասաններն իրենց միանալու կոչ արեցին նաև Շուշան Պետրոսյանին, ինչպես նաև բոլոր պետական գործիչներին ու նախարարներին: Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը համաձայնեց հանդիպել դերասանների հետ, սակայն դերասանները պահանջեցին որ նախարարի պաշտոնակատարը միանա իրենց: 13.13  Միջազգային լրատվամիջոցների տվյալներով՝ Երևան մտնող բոլոր ճանապարհները փակ են. այս մասին քայլերթի ընթացքում «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:  Հարցին, թե ակցիաները տանո՞ւմ են վարչապետի արտահերթ ընտրություն, թե՞ մինչ այդ այլ հանգուցալուծում կլինի, Փաշինյանն ասաց, որ դե յուրե վարչապետի նոր ընտրություն պետք է տեղի ունենա, իսկ վարչապետ չընտրվելու դեպքում պետք է լինեն խորհրդարանական ընտրություններ:  «Վերլուծում ենք սցենարները և համաժողովրդական շարժումը չի կարող չհաղթել: Տեսնում եք, թե ինչ է կատարվում, և ժողովուրդը, որը զգացել է հաղթանակի շունչը, այդ ժողովուրդը հաղթանակը բաց չի թողնի»,-ասաց Փաշինյանը:  Նա նշեց, որ էական չէ, թե ինչ է տեղի ունենում ՀՀԿ-ականների աշխատասենյակներում. «Էական այն է, որ իշխանություն-ժողովուրդ հին հարաբերությունները չեն լինելու, էական չի՝ ե՞ս կլինեմ, թե ուրիշը: Եվ այն, որ դպրոցականներն են մասնակցում այս պրոցեսին, սա երաշխիք է, որ ոչ թե տասը տարի կամ քսան տարի, այլ հարյուր տարի այդպես չի լինելու: Այսինքն՝ Հայաստանի ժողովրդավարական ապագային որևէ բան չի սպառնում, ես դրանում համոզված եմ: Մենք յուրաքանչյուր սցենարի պատրաստ ենք»:  12.12 Հանրապետության հրապարակում իսկական տոնախմբություն է: Ցուցարարները պարում ու երգում են, մինչև Նիկոլ Փաշինյանը միանա իրենց: Հիշեցնենք, որ «Իմ քայլը» շարժման  առաջանորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ասել է, որ փողոցները  պետք է  փակ մնան միչև 17:00-ն որից հետո  քաղաքացիները  պետք հնարավորություն ունեն գալ  Հանրապետության  հրապարակ: 11.51 Հանրապետության հրապարակում  ցուցարարներին միացավ Նիկոլ Փաշինյանը խնդրելով նրանց, որ արևի տակ չկանգնեն ու սպասեն իրեն, մինչև հարցազրույց կտա հյուրանոցում: Դավիթ Սանասարյանն էլ հորդորեց, որ ակցիայի մասնակիցները աշխատեն հրապարակը մաքուր պահել և աղբը գետին չնետել: Այս պահին Նիկոլ Փաշինյանը Մարիոթ հյուրանոցում հարցազրույց է տալիս միջազգային ամսագրերից մեկին: Ցուցարարները սպասում են նրան: Այդ ընթացքում ՀՀԿ մանդատ ունեցող մի քաղաքացի բոլորի աչքի առաջ պատռեց մանդատը և գցեց գետնին: Հիշեցնենք, որ Երևանի տարբեր հատվածներում մայիսի 2-ի վաղ առավոտից մեկնարկել են Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության ակցիաները: