Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները ծեծի են ենթարկել «Ազատության» ծրագրի թողարկիչ Անատոլի Եղիազարյանին (տեսանյութ)

Հասարակություն
987EED19-66BD-4A02-872B-232ADA8D6B0D_w1023_r1_s

Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում ոստիկանները ծեծի են ենթարկել «Ազատության» ծրագրի թողարկիչ Անատոլի Եղիազարյանին։ Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ, աշխատանքից տուն վերադարձող Եղիզարյանը փորձել է հեռախոսով նկարահանել, թե ինչպես են մոտ հինգ տասնյակ ոստիկաններ փորձում, ուժ գործադրելով, ցրել հրապարակը արգելափակած մեքենաների ցույցը։ Նկատելով, որ իրենց գործողությունները նկարահանվում են, վեց֊յոթ ոստիկաններ հարձակվել են Եղիազարյանի վրա։ Մեր աշխատակիցը կրելիս է եղել «Ազատության» ծառայողական վկայականը և այն հստակ ցուցադրել է, բացի այդ մի քանի անգամ զգուշացրել է, որ ինքը «Ազատություն» ռադիոկայանից է։ Անտեսելով այս ամենը, ոստիկանները նրան տապալել են գետնին և ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցրել, մասնավորապես՝ մեջքի և ստամոքսի հատվածներում։ Ոստիկանները նրան թողել են այն բանից հետո, երբ միջադեպին խառնվել են անցորդները։