Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտարարություն՝ ցուցարարների նկատմամբ հետապնդումների վերաբերյալ. ՀՔԱՎ

Քաղաքականություն
Berman-entarkel-2

2018 թ․ ապրիլի 17-ի ուշ երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում «Քայլ արա» և «Մերժիր Սերժին»  նախաձեռնությունների հավաքի ընթացքում հայտարարվեց հաջորդ օրը հավաքի մասնակիցների կողմից խաղաղ անհնազանդության գործողությունների շարունակման մասին։ Միաժամանակ զգուշացվեց սադրիչ խմբերի առկայության մասին։ Այդ հայտարարությունից ժամեր անց Երևան քաղաքի Մաշտոց-Թումանյան խաչմերուկի հատվածում նման սադրիչ խմբի կողմից բախումներ հրահրվեցին ոստիկանների, քաղաքացիների և լրագրողների հետ, որոնք ուղեկցվեցին համայնքային գույքի և ոստիկանության ավտոմեքենաների վնասումներով։ Տարածված տեսանյութերից երևում է, որ այդ գործողությունները չեն նախաձեռնվել կամ իրականացվել խաղաղ ցուցարարների կողմից։ Գտնում ենք, որ նման սադրիչ գործողությունները նպատակ են ունեցել հող նախապատրաստելու ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից քրեական հետապնդումների իրականացման համար: 2018 թ․ ապրիլի 18-ին ՀՀ Դատախազությունն իր տարածած հայտարարությամբ պնդում է, թե իբր Մաշտոց-Թումանյան խաչմերուկի հատվածում նախորդ օրը զանգվածային անկարգությունները կազմակերպել են հավաքի մասնակիցները, և հայտնում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով քրեական գործի հարուցման մասին: Այնուամենայնիվ, թեև սադրիչ խմբի կողմից Մաշտոց-Թումանյան խաչմերուկում իրականացված գործողություններին ներկա էին ոստիկանության բազմաթիվ ծառայողներ և մեքենաներ, ինչպես տեղեկացրել է ՀՀ Քննչական կոմիտեն, այդ բախումներում ներգրավված որևէ անձ բերման չի ենթարկվել։ Փոխարենը ապրիլի 17-ին և ապրիլի 18-ին բռնությամբ և առանց որևէ իրավական հիմնավորման ՀՀ Ոստիկանությունը զանգվածաբար բերման է ենթարկում խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ անչափահասների և փորձում է նրանց որպես կասկածյալ ներգրավել զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման հիմքով։ Հաշվի առնելով դեպքի վայրից առկա տեսանյութերը, ինչպես նաև ցուցարարների՝ մինչ օրս ցուցաբերած խաղաղ վարքը՝ պնդում ենք, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը անընդունելի և ապօրինի է։ ՀՀ Ոստիկանությանից պահանջում ենք ՝

  • Բացահայտել սադրանք և բռնություններ հրահրող անձանց՝ ապահովելով քաղաքացիների, այդ թվում՝ խաղաղ ցուցարարների անվտանգությունը։
  • Դադարեցնել խաղաղ ցուցարարների նկատմամբ ապօրինի քրեական և վարչական հետապնդումը։
  • Բացառել խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության որևէ կիրառում։
Դիմում ենք ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը՝
  • Անհապաղ քննություն իրականացնել ոստիկանության ծառայողների (այդ թվում՝ քաղաքացիական հագուստով) կողմից ցուցարարների նկատմամբ բռնության և այլ անօրինական գործողությունների դեպքերով
  • Անհապաղ քննություն իրականացնել խաղաղ ցուցարարներին ոստիկանության բաժիններում սահմանված երեք ժամից ավելի ապօրինի պահման վերաբերյալ 
Հայտարարությանը միացած կազմակերպությունների և անհատների ցանկը՝ այստեղ