Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շինարարության ժամանակ հայտնաբերվել են ուշ միջնադարյան խաչքարեր, տապանաքարեր

Հասարակություն
1-6-1

Գեղարքունիքի  մարզի  Ներքին  Գետաշեն  համայնքի տարածքում գտնվող Կոթավանք եկեղեցուց ոչ հեռու գյուղամիջյան ճանապարհի եզրին շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ (եկեղեցու վերականգնման նախագծից  շեղվելու արդյունքում) բացվել  են  զարգացած  և  ուշ  միջնադարին վերաբերող  մի քանի տասնյակ խաչքարեր, տապանաքարեր:  Խաչքարերի  և  որոշ  տապանաքարերի վրա հայերեն արձանագրություններ կան:  Տարածքից հայտնաբերվել են նաև 13-16 դարերով  թվագրվող  կենցաղային և ջնարակված  խեցեղենի  բազմաթիվ բեկորներ ու  մարդկային մասունքներ, ինչը  թույլ  է տալիս  ենթադրել,  որ  տարածքը ժամանակին եղել  է աշխարհիկ  ու  հոգևոր  կառույցների  համալիր: ՀՀ  մշակույթի նախարարությունում անցկացված խորհրդակցության ընթացքում նախարար Արմեն Ամիրյանն օրերս հանձնարարել էր անհապաղ աշխատաքային հանձնախումբ ստեղծել և փորձել խնդիրը կարգավորել նախագծային լուծումներով, այդ ընթացքում մասնագետների խումբ գործուղել՝ ուսումնասիրելու, արձանագրելու հայտնաբերվածը, նաև փորձել մասնագիտական լուծումներով վերականգնել նախագծից շեղվելու արդյունքում հուշարձանին պատճառված վնասը։ Հիմք  ընդունելով  ՀՀ  մշակույթի  նախարար  Արմեն Ամիրյանի  հանձնարարականը՝ հայտնաբերվածի ուսումնասիրության մասով ,  ինչպես  նաև` ԿԳ  նախարարության Գիտության պետական կոմիտեի  կողմից  ֆինանսավորվող  «Ենթակառուցվածքի պահպանման և զարգացաման»  ծրագիրը,  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմաբան  Կարեն  Փահլևանյանը և  գիտնական քարտուղար, հնագետ Աշոտ Փիլիպոսյանն օրերս եղան Գեղարքունիքի մարզի մի շարք հնավայրերում:   Աշոտ  Փիլիպոսյանի փոխանցմամբ, Ներքին  Գետաշենում բացված խաչքարերի  և տապանաքարերի նախնական հետազոտության արդյունքում պարզվել  են  որոշ  մանրամասներ  դրանց  պատրաստման, ժամանակաշրջանի, վերաօգտագործման և պատմամշակութային նշանակության մասին:     «Տարածքն ամբողջությամբ  ուսումնասիրված չէ  և, հավանական է, որ կարող են ի հայտ գալ նոր խաչքարեր ու տապանաքարեր:  Ընդհանուր համապատկերին իրազեկվելուց  հետո ՊՈԱԿ-ը գործնական միջոցներ կառաջարկի հուշարձանի պահպանության, ուսումնասիրման, վերականգնման, ամրակայման, հանրահռչակման ուղղությամբ:  Դա նոր հորիզոններ  կբացի  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական հետազոտությունների ոլորտում, որի արդյունքում  կներկայացվի  նաև  հիմնովին  մշակված  հայեցակարգ` հնավայրը  արգելոցի  վերածելու  համար», -ասաց  Աշոտ  Փիլիպոսյանը:

 

ՀՀ Մշակույթի նախարարություն 

«Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»