Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Freedom House. Հայաստանում առկա է ժողովրդավարության անկում եւ կոռուպցիայի աճ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
freedom-house_4267-750x400

Ամերիկայի Ձայն Հայաստանում անցած տարվա ընթացքում արձանագրվել է ժողովրդավարության անկում եւ կոռուպցիայի աճ, վկայում են իրավապաշտպանները: Անվանի Freedom House իրավապաշտպան կազմակերպության հաղորդմամբ, 2017-ն ընդհանուր առմամբ Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպայում եւ Եվրասիայում ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության հետընթացի տարի կարելի է որակել: Լեհաստանում, Հունգարիայում 2017-ին արձանագրվել է ժողովրդավարական ինստիտուտների վերջին տասնամյակում լրջագույն անկումը: «Հակալիբերալ քաղաքականությունն ավանդույթ է դառնում է Եվրոպայում», ընդգծում է չորեքշաբթի հրապարակված զեկույցում Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիցը: Հայաստանում 2017-ին գրանցվել է ժողովրդավարության մակարդակի անկում, որի արդյունքում երկիրը հայտնվել է Մոլդովայի եւ Ղրղըզստանի միջեւ՝ զիջելով Ուկրաինային, Վրաստանին եւ Արեւելյան Եվրոպայի պետություններին։ Մնալով Ռուսաստանից, Բելառուսից, Ադրբեջանից եւ Կենտրոնական Ասիայի երկրներից ավելի բարձր: Հայաստանը քաղաքացիական հասարակության զարգացման մակարդակով ոչնչով չի զիջում Վրաստանին եւ Կոսովոյին, իսկ դատական համակարգի անկախության աստիճանով նույնիսկ Ուկրաինայից եւ Կոսովոյից առաջ է անցել: Առավել ցածր ցուցանիշը ստացել են Հայաստանի ընտրական գործընթացներն ու ժողովրդավարական կառավարման ոլորտները: 2017-ին արձանագրվել է նաեւ կոռուպցիայի մակարդակի որոշակի աճ: Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը վատագույն եռյակում են: Բելառուսի, Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ միասին, Ադրբեջանը պաշտոնապես ավտորիտար պետությունների շարքին է դասվում: «Ավտորիտար պետությունները անհաջողակներ են, որոնք առաջինն են իրենց վրա զգացել 2008-ի եւ 2014-ի տնտեսական անկումները», ընդգծում են Freedom House-ի զեկույցի հեղինակները: Հատկապես վտանգավոր է Ռուսաստանում եւ Ադրբեջանում նկատվող ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ ճնշումներն ու մեղադրանքները, որոնց միջոցով իշխանությունները լռեցնում են պաշտոնական դիրքորոշման հետ չհամաձայնվող հասարակության ձայները: Պուտինը, Ալիեւը եւ Լուկաշենկոն հասցրել են իրենց երկրներն այն վիճակի, որ այլեւս ի վիճակի չեն ավտորիտար համակարգի դեմ ուղղված որեւէ բարեփոխումներ կատարել, քանի որ նրանք անձամբ են ավտորիտար համակարգ դարձել, ընդգծում են իրավապաշտպանները: Ուստի, այդ երկրներում ժողովրդավարական լուրջ փոփոխություններ հնարավոր են միայն այդ ղեկավարների հեռանալուց հետո: