Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դե յուրե բացվեց նոր էջ, դե ֆակտո ոչ մի նոր էջ էլ չի բացվել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
karen

«Դե յուրե բացվեց նոր էջ, դե ֆակտո ոչ մի նոր էջ էլ չի բացվել», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն` անդրադառնալով Հայաստանի խորհրդարանական կառավարման համակարգին: «Երեկ արդեն Կարեն Կարապետյանն ասաց, որ երկրի առաջին դեմք պետք է լինի Սերժ Սարգսյանը: Ոնց եղել է, էնպես էլ մնալու է, փաստացի ոչինչ չի փոխվում, իսկ երկրորդ դեմք կմնա Կարեն Կարապետյանը, ինչպես հիմա է»:  Ինչ վերաբերում է  նախագահ Արմեն Սարգսյանին, Կարեն Քոչարյանը նշում է.  «Ես որևիցե կոպիտ բան չեմ ուզում ասել: Դէ ֆակտո չորրորդ նախագահը կամ սրանից հետո գործող նախագահները փաստացի որևէ  ֆունկցիա չեն ունենալու: Հիմա եթե դուրս գանք փողոց ու հարցնենք, թե ով է Գերմանիայի կանցլերը, կասեն՝ Մերկելը, բայց թե ով է նախագահը դժվար թե իմանան: Նույնն էլ Հայաստանի պարագայում է՝ Հայաստանի նախագահին շատերը չեն ճանաչելու և նա որևէ ֆունկցիա չի ունենալու»: Ըստ քաղտեխնոլոգի, նախագահի  պաշտոնը սիմվոլիկ է, որևիցէ հարց Արմեն Սարգսյանը չի լուծելու, միգուցե արտաքին քաղաքականության մեջ իր կապերն օգտագործի, որոնք ապագա վարչապետներին պետք գան:  «Քաղաքական դաշտում շատ լուրջ ռեգրես է եղել: Հայաստանում քաղաքական դաշտ չկա, այն փոշիացած է՝ գրեթե իսպառ: Չկան այն կուսակացությունները, որոնք պայքարում են գաղափարի համար: Անգամ ՀՅԴ-ն, որը մշտապես համարվել է գաղափարական, այսօր չունի երբեմնի  խարիզման, մնացածի մասին ընդհանրապես չեմ խոսում, անիմաստ է»,-եզրափակեց Կարեն Քոչարյանը: Նիկոլ Փաշինյանի Իմ Քայլը արշավին անդրադառնալով, Կարեն Քոչարյանը նշեց, որ այնտեղ լուրջ տեխնոլոգներ են աշխատում իրականում, քայլարշավի տեխնոլոգիան ժամանակին օգտագործվել է Մարտին Լյութեր Քինգի կողմից, այս տեխնոլոգիան Սերբիայում էլ է օգտագործվել: «Տարիներ առաջ Լևոն Տեր-Պետրոսյանն աշխատեց ուսանողության վրա, հիմա էլ բան չի փոխվում, բոլորն աշխատում են ուսանողության վրա, որովհետև դա ամենառոմանտիկ, ամենաէնտուզիաստ խումբն է: Դա էլ ճիշտ տեխնոլոգիա է, կստացվի, թե ոչ՝ չեմ կարող ասել, բայց որ աշխատում են բավական գրագետ, դա փաստ է»: