Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Ամիրյանը ռուսական պատվիրակությանը հանձնեց նախարարության Ոսկե մեդալը

Մշակույթ Պաշտոնական
29982906_1592257824161844_6309200875308030802_o

Նախարարն ընդունեց Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ղեկավարներին ------ Ապրիլի 3-5-ը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը հյուրընկալում է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատորգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) պատվիրակությանը՝ ինստիտուտի ռեկտոր, ՌԴ նախագահին կից մշակութային խորհրդի անդամ, արվեստագիտության դոկտոր Վլադիմիր Մալիշևի գլխավորությամբ: Անվանի կինոգործիչների հետ Երևան են ժամանել նաև ինստիտուտի դասախոսներ ու ավարտական կուրսի ուսանողներ:  «Ես կարծում եմ, որ կինոյի այսպիսի վարպետների այցը Հայաստան իր նպաստն է բերելու հայ կինոյի զարգացմանը: ՎԳԻԿ-ում կրթություն են ստացել բազմաթիվ հայ անվանի կինոգործիչներ, այդ թվում և իմ ուսուցիչներից մի քանիսը՝ օպերատոր Ալբերտ Յավուրյանը, ռեժիսոր Յուրի Երզնկյանը... Ինքս ժամանակին ցանկություն ունեի կրթությունս շարունակելու ՎԳԻԿ-ում, բայց այդպես էլ չհաջողվեց»,-մոսկովյան կինոինստիտուտի պատվիրակության անդամների հետ հանդիպմանն ասաց նախարար Արմեն Ամիրյանը: Ռուսաստանցի հյուրերին նա տեղեկացրեց, որ Հայաստանում առաջիկայում կընդունվի Կինոյի մասին օրենքը, որը, նախարարի համոզմամբ, խթանելու է հայ կինոյի զարգացումը: «Այս օրենքը կկարգավորի ոլորտում գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրներ: Այն հրաշալի պայմաններ է նախատեսում օտարերկրյա բոլոր այն ներդրողների համար, որոնք կցանկանան ֆիլմեր ստեղծել Հայաստանում: Հայ-ռուսական համատեղ ֆիլմարտադրության ոլորտում մենք արդեն հաջողված օրինակներ ունենք: Հենց այս պահին ընթացքի մեջ է Արամ Խաչատրյանին նվիրված «Սուսերով պար» գեղարվեստական ֆիլմի նկարահանումը, որում ընդգրկված են և՛ հայ, և՛ ռուս դերասաններ: Կարծում եմ, որ արդյունքում կունենանք հրաշալի ֆիլմ, որը հաջողությամբ կներկայացնենք նաև կինոփառատոններում:  Ես կարծում եմ, որ նման համագործակցությունը պետք է խորացնել»,-ասաց Արմեն Ամիրյանը՝ ՎԳԻԿ-ի 100-ամյա հոբելյանին ընդառաջ (2019-ին) ռուսական պատվիրակության ղեկավարին հանձնելով ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալը: «Ընդունեք սա որպես երախտագիտություն՝ հայ ուսանողներին ընդունելու և հայ կինոյում ունեցած ձեր մեծ ավանդի համար»,-ասաց Արմեն Ամիրյանը: «Հայաստանն առաջին երկիրն է, որը մեզ նման պարգևի է արժանացնում, իսկ առաջինը միշտ էլ ամենահիշարժանն է»,-նկատեց Վլադիմիր Մալիշևը: Մինչ Արմեն Ամիրյանի հետ հանդիպումը պատվիրակության անդամները Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մասնակցել են ՎԳԻԿ-ի նկարչական ֆակուլտետի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսի բացմանը, ապա՝ համատեղ մամուլի ասուլիսին: ԵԹԿՊ-ի Ուսանողական թատրոնի բեմում ՎԳԻԿ-ը երեկոյան կներկայացնի Պուշկինի «Եվգենի Օնեգին» ներկայացումը: Այցի ընթացքում ՎԳԻԿ-ի մասնագետները ԵԹԿՊ-ի ուսանողների համար կանցկացնեն վարպետության դասեր, կիրականացնեն համատեղ միջոցառումներ: