Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատերազմով արդարացնում են ամեն ինչ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
razm

Այսուհետ դպրոցականներին ռազմահայրենասիրության ոգով են դաստիարակելու դպրոցներում։  «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության  ռազմավարությանը մասին» կառավարության որոշման նախագիծն արդեն քննարկման է դրվել։ Կառավարության որոշման էությունը ռազմահայրենասիրական դաստիարակության կազմակերպումն է պետական մակարդակով, ռազմահայրենասիրական գաղափարների տարածումը, որը միտված է ձևավորելու հայրենիքի պաշտպանությանը ֆիզիկապես և հոգեպես պատրաստ քաղաքացու։ Պետականության ներքին գլխավոր  մարտահրավերներից են պետականության համար  հայրենիքի պաշտպանությանը ոչ պատրաստակամ  քաղաքացիների առկայությունը, զինվորական ծառայության և զինվորականի մասնագիտության հանդեպ գոյություն ունեցող անտարբերությունը, օտար մշակութային արժեքներին  հաղորդակից լինելու տենդենցը,  անկարգապահությունն ու անդաստիարակությունը և այլն։ Կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Արևիկ Անափիոսյանը  նշում է, որ չի կարողանում լուրջ վերաբերվել նախագծին. «Ի՞նչ է նշանակում օտար մշակույթին հաղորդակից լինելը դիտարկել որպես վտանգավոր տենդենց, այսինքն Կանտ չե՞նք կարդալու, Պլատոն չե՞նք ուսումնասիրելու, չե՞նք ուսումնասիրելու ֆրանսիական հեղափոխության մասին»,-ասում է նա։  Որպես արտաքին մարտահրավեր՝ նշվում են պատերազմները, շրջափակումը, աշխարհում և հարևան երկրներում մոլեգնող ահաբեկչություններն ու պատերազմները, հարևան որոշ պետությունների ծավալապաշտական նկրտումները և այլն։ Նախագիծն առաջարկում է սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակությանը աջակցելու նպատակով զանգվածային լրատվամիջոցներով հաճախակի դարձնել գեղարվեստական, փաստավավերագրական, հայրենասիրական, հայոց պատմության, անվանի  զորահրամանատարների և ազգային հերոսների կյանքի ու գործունեության վերաբերյալ հաղորդումների, ֆիլմերի և հեռուստածրագրերի ցուցադրումը։